Կարդացի, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զայբեկչին Կարսում հայտարարել է Նախիջևանի հետ ազատ առևտրի ռեժիմի սահմանման մասին: Նրա խոսքով, սխեմա է մշակվում Նախիջևանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ ապրանքների ազատ տեղաշարժի վերաբերյալ: Զայբեքչին նշել է, որ փոխադարձ առևտուրն իրականացվելու է թուրքական լիրայով, ազատ առևտուրը կնպաստի Կարսի նահանգի զարգացմանը: Ընդամենը մի քանի օր առաջ ավարտվեց Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը: Հայաստանին սահմանակից բնակավայրերը Թուրքիան ակտիվ բնակեցնում է ադրբեջանցիներով, նրանք ունենում են առավելություններ, բիզնեսներ են բացում, զբաղվում են տարբեր գործունեություններով: Բնակավայրերում հարմարվելուց հետո սկսում են բախումները տեղի քուրդ բնակիչների հետ:
Այս ամենը աչքի տակ ունենալով հիշեցի մի ադրբեջանցու հետ բանավեճ: Ադրբեջանում հայտնի, նույնիսկ դասախոս մարդու հետ խոսում էինք Ադրբեջան պետության և ադրբեջանցիների մասին: Երկար-բարակ խոսակցության ընթացքում ինքը փաստեց, որ Ադրբեջան և ադրբեջանցիներ գոյություն չունեն, իրենք բոլորը թուրքեր են, ուղղակի ժամանակին քաղաքական խաղերի պատճառով իրենց կտրել են Թուրքիայից ու իրենք ադրբեջանցի են միայն անձնագրի մեջ գրված՝ ազգությունը ադրբեջանցի, բառակապակցությամբ :Ես էլ ինձ միամիտի տեղ դրած հարցրեցի՝ դե գնացեք միացեք Թուրքիային, էլ ու՞մ եք սպասում: Զրուցակիցս սկսեց հազար ու մի պատճառ բերել, որը ինձ նույնիսկ չէր հետաքրքրում: Բայց հիմա սկսեցի հասկանալ, որ իրենք գնում են այդ ճանապարհով: Այսպիսով Նախիջևանը արդեն տվել են թուրքերին: Ու այսպես մաս-մաս կտան ու ամբողջությամբ կձուլվեն թուրքերին:
Աշոտ Ասատրյան