Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ տարածաշրջանում կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ, որ Հայաստանում, ինչպես միշտ, անտեսեցին և չհասկացան: մինչդեռ դա ուղղակի ազդեցություն է ունենալու մեր հայրենիքի ճակատագրի վրա:

Սաուդյան Արաբիայում՝ սքողված և թավշյա հեղաշրջման արդյունքում երեկ ուղղակի թագաժառանգ դարձավ արքայազն Մուհամմադ Բին Սալմանը: Կիսագրագետ և հավակնոտ մի երիտասարդ, որ մեծապես անկայունացրել է տարածաշրջանը, էլ ավելի խորացրել սաուդական վահաբիստական համաշխարհային օրակարգը և որը տենչում է կործանարար պատերազմի Հայաստանի անմիջական հարևանի հետ: Անհերքելի է, որ այդ հակամարտությունը, որպես տարածաշրջանային անկայունացման երաշխիք՝ սպառնալիք է նաև Հայաստանի անվտանգությանը:

Բին Սալմանը թագավորության փաստացի ղեկավարն է ու մինչ հայրը՝ թագավոր Սալմանը տառապում է թերմտությունից՝ դեմենթիայից, որդին անհաջող բայց ավերիչ պատերազմ է վարում Եմենում, շարունակում Սիրիայի բզկտումը, Պակիստանի ռադիկալացումը և սուննի ծայրահեղականության նորանոր ավերներով ականապատում ողջ աշխարհը:

Մտավոր մեկուսացման մեջ ընկղմված Հայաստանում կարծում են թե այդ ամենը մի քանի մոլորակ հեռու է և մեզ չի առնչվում:

Սաուդյան թագավորությունն այլևս համաշխարհային կարևորագույն խաղացող է, որի համար Հայաստանի ոչնչացումն օրակարգային բազում հարցերից մեկն է: Երևանում ո՞վ է այս մասին խոսում ...»: