Մեքենաները հազիվ էի գլորվում մթի մեջ։ Արգելված էր լուսարձակներ միացնել, որովհետև ուղիղ գծով ռազմաճակատը երևի մեկ կիլոմետր էլ չկար։ Լավ լսվում էր մեր հրետանու արձակած դղրդյուններն ու ասես անվերջ թվացող ավտոմատների ու այլ տիպի զենքերի ճարճյատունները։ Չնայած, մեծ հաշվով, լուսավորելու կարիք էլ չկար` արևի, լուսնի կամ մեքենայի փոխարեն էդ շատ լավ անում էր մահաբեր զենքը։ 

 


Անվերջանալի թվացող ճանապարհը վերջապես հասցրեց Ջաբրայիլի ուղղությամբ տեղակայված N զորամաս, որտեղ, առաջին հայացքից, ամայություն էր տիրում` գրեթե բոլորը դիրքերում էին։ Հիշում եմ, որ առաջին պատահածներից մեկը ոտք և ձեռք չունեցող կամավորական էր։ Ստիպել էր, որ իրեն էլ տանեն կռիվ` խոստացել էր գոնե պահունակները լիցքավորել։ Ճանապարհի հոգնածությունը, վախը,հուզմունքը` ամեն ինչ իրար էր միախառնվել։ Բայց չէինք էլ հասցնում դրա մասին մտածել, մենք ի՜նչ, այնտեղ կենաց֊մահու կռիվ էր` մենք էլ, մեծ հաշվով, հանդիսատես։ Մի զինվորի իջեցրին դիրքերից` 18֊19 տարեկան հազիվ լիներ։ Գոռում էր, ատամներով կծում, ոտքով ու ձեռքով խփում, դե իսկ լեզվով հայհոյում իրեն բերողներին։ Ականջից արյուն էր ծորում, բայց պահանջում էր հետ դարձնել։ Ամբողջ մարմնով ցնցվում էր, փորձում պոկվե, ու վազել դեպի դիրքեր։

 


Հետո իմացա, որ հրամանատարի հետ տանկում է եղել, կամանդիրը զոհվել է, ինքն էլ կանտուզիա ստացել։
Հիշեցի էս պատմությունը, երկու օր առաջ, երբ կրկին զոհեր ունեցանք։ Հիշեցի ու կրկին ապշեցի էդ տղայի ու իր ընկերների համարձակության վրա, իրենց քաջության վրա։ 

 


Էս պատերազմում, ցավոք,կամ իրենք մեզ կամ մենք իրենց, այլ տարբերակ Աստված չի տվել… Ուրեմն և պիտի, պարտավոր ենք, ստիպված ու դատապարտված ենք, որ Մենք իրենց։ Փա՜ռք ընկածներին…


Նարեկ Գալստյան