ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչները կրկին ինչ-որ հայտարարություն են տարածել: «Անիմաստ» գործ է քաղաքական գնահատական տալ սույն փաստաթղթին, քանզի այն իր ժանրի հերթական տեքստային դիվանագիտության դրսևորում է, ուր փորձ է արվում հավասարակշռության ու քննադատության տարբեր ակցենտներ շեշտադրելով պահպանել սեփական՝ բավական բարդ վիճակում հայտված միջնորդական լեգիտիմությունը:
Այն, որ Ադրբեջանն Անկարայի միջոցով պարբերաբար ու միշտ փորձել է ԼՂ խնդրի լուծման ֆորմատը փոխել, դա փաստ է: Այն, որ Ադրբեջանն արդեն վաղուց մի տեսակ «բանի տեղ չի դնում» Մինսկի խմբի միջնորդներին ու ամեն պայմանավորվածության հաջորդ քայլում խախտում է այն, դա էլ է փաստ: Այն, որ Մինսկի խմբի ներկայացուցիչներից ոմանք մասնավոր զրույցներում ընդունում են, որ Ադրբեջանի վրա ազդեցության մեխանիզիմներ չունեն, դա էլ է փաստ: Փաստ է նաև այն, որ «Սպայկ» հրթիռով միջադեպից հետո միջնորդների ու ՌԴ-ի սուր գնահատականները գալիս է հաստատելու մեր վերևի դիտարկումները. Ադրբեջանը՝ կառավարող թիմը ունի խնդիրներ ու դրանք նա լուծելու է ԼՂ խնդրի շահարկմամբ:
Փաստ է նաև այն, որ արդեն տևական ժամանակ է իր դիրքորոշումը կոշտացրել է նաև Հայաստանը: Կոշտացրել է այն աստիճան, որ ԱԳՆ մակարդակում նոր շեշտադրումներով է պահանջվում սահմանային սրացումների մեղավորներին պատժել, շեշտելով, որ հայկական կողմն էլ նման քայլեր կձեռնարկի: Ինչևէ:
Իրավիճակն իրականում բավական ոչ միանշանակ է:
Ադրբեջանը, հասկանալով աշխարհում տեղի ունեցող պրոցեսները, ՌԴ-Արևմուտք առճակատումը, Թուրքիայի ռեգիոնալ դերի աճը և ամենակարևորը ԵՄ-ի դերի թուլացումն ու միջազգային իրավունքի դերի նվազումն, իրեն անկանխատեսելի է պահում: Սկսում է որոշ կարմիր գծեր անցնել, ստանում քննադատողական մեսիջներ, բայց դա նրան ոչ միշտ է կանգնեցնում: Սակայն Ալիևի թիմը հասկանում է, որ խուսանավման ժամանակը լիմիտավորված է, ու դա կարող է անկանխատեսելի հետևանքերի հանգեցնել անգամ Ադրբեջանում, ուստի պետք է շատ զգույշ լինել:
Հայաստանը տեսնում է հակառակորդի անկանխատեսելի վարքը, զինվում է: Չնայած սուր քննադատական վերաբերմունքին ու դժգոհությանը միջնորդների հետ իրեն հրապարակայնորեն բավական զուսպ է պահում՝ պատրաստ լինելով, սակայն գործնականում չցանկանալով, որ ռազմական գործողությունները վերսկսվեն: Մյուս կողմից լավ գիտակցելով, որ չի կարող գնալ նաև ցանկացած փաթեթավորմամբ փոխզիջման:
Միջնորդներն իրանականում հասկանում են, որ կարծես իրենց դերի, նշանակության և լեգիտիմության աննախադեպ կորուստ ունեն (այդ թվում նաև հայկական կողմի մոտ), ուստի պետք է ամեն ջանք գործադրել իրավիճակը փրկելու համար:
Մյուս կողմից, եթե միջնորդները օբյեկտիվ լինեն ու շարունակեն Ադրբեջանին քննադատելը, ապա լեգիտիմ հիմք կստեղծեն, որ Բաքուն դուրս գա բանակցային ֆորմատից՝ դրանով իսկ վտանգելով ներկա՝ դեռևս վերսկսման փոքր հնարավորություն ունեցող բանակցային պրոցեսը:
Եթե միջնորդները չբավարարեն Երևանի պահանջները, ինչ-որ մի փուլում հայկական ու ղարաբաղյան կողմերն Ադրբեջանի կողմից սահմանային իրավիճակի հերթական սրման պարագայում կարող են շոշափելի անհամաչափության պատասխան հարված հասցնել հակառակորդին՝ դրանով զանգվածային շղթայական բախումների ու զանգվածային պատերազմի վերսկսման սկիզբ դնելով:
Ալեն Ղևոնդյան