Սա տարածք է Արցախի և Ադրբեջանի սահմանային մասում, Ադրբեջանի կողմից՝ Ջաբրայիլի շրջանում: Առաջին նկարում Չոջուկ կամ Փոքր Մարջանլին է, որը ծառայում է որպես ռազմական հենակետ, իսկ երկրորդ նկարում այդ գյուղին անմիջապես սահմանկից Միրզջանղիլի գյուղն է, որը բնակեցված է: Չէի անդրադառնա սրան, եթե Բաքվի քարոզչամեքենան տևական ժամանակ չզբաղվեր իր իսկ ժողովուրդին խաբելով ու հաղթական գույներով իրավիճակ ներկայացնելով:
Այս գյուղերը գտնվում են ուղիղ Լելե Թեփեի դեմ դիմաց: Այն ժամանակ, երբ Լելե Թեփեն դեռ մեր վերահսկողության տակ էր գտնվում, առաջին նկարում կապույտ շրջանակի մեջ վերցված բնակելի տները երբեք չեն հայտնվել մերոնց թիրախի տակ, նույնիսկ չեն թիրախավորվել կարմիր շրջանակի մեջ վերցված ռազմական օբյեկտները՝ զորանոց, շտաբ և այլն: Չի թիրախավորվել երկրորդ նկարում շագանակագույն շրջանակի մեջ վերցված անասնապահական ֆերման: Իսկ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Միրզջանղիլիի տների մասին խոսք չկա անգամ:
Վերջին շրջանում, Բաքվի քարոզչամեքենան, ինչպես իր հանրությանը, այնպես էլ ողջ աշխարհին ցույց է տալիս, որ Լելե Թեփեյի գրավումն ինչ կարևոր ու կենսական նշանակություն ուներ իրենց խաղաղ բնակչության համար: Չոջուկ Մարջանլիյում մեծածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում: 2017թ. հունվարի 24-ին Ադրբեջանի տխրահռչակ և իրականությունից լրիվ վերացած նախագահը հրաման է ստորագրում այստեղ կառուցելու համար 50 բնակելի տուն և նախագահի ֆոնդից տրամադրում 4 միլիոն մանաթ, իսկ ահա 2017թ. հունիսի 15-ին կրկին հրամանագիր է ստորագրում, այս անգամ 100 բնակելի տուն կառուցելու մասին՝ հատկացնելով 9 միլիոն մանաթ:
Ու սա կատարվում է ցուցադրաբար, շեշտը դնելով Լելե Թեփեյի վրա, ասելով, որ Լելե Թեփեն որքան կարևոր էր իրենց համար, որ հայերը Լելե Թեփեյից կրակի տակ էին պահում իրենց բնակավայրերը, որի համար էլ այդ գյուղը ամայի էր, այն ինչ այդ գյուղում ապրում ու գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ էին զբաղվում, նույնիսկ հանգիստ այդտեղ էին տեղակայել ռազմական օբյեկտները, երբ այդ նույն Լելե Թեփեն գտնվում էր մեր վերահսկողության տակ:
Կարեն Հովհաննիսյան