Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու վերականգնման գաղափարը մի քանի ամիս առաջ է ծնվել, իսկ նախագծման աշխատանքները հունիսի 14-ից արդեն մեկնարկել են:
Այս մասին ասել է Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու վերականգնման աշխատանքների ծրագրի ղեկավար Տիգրան Աբրահամյանը և նշել, որ այդ աշխատանքները պետական միջոցների հաշվին չեն իրականացվում:

 


«Ծրագրի աշխատանքներն իրականացնելու համար ճարտարապետների խումբ է ստեղծել: Առաջիկա 1,5-2 ամսում կփորձենք ամբողջացնել նախագիծը, որը կանցնի անհրաժեշտ ընթացակարգերը, նոր միայն կմեկնարկվեն շինարարական աշխատանքները: Այդ աշխատանքներն ընդգրկում են եկեղեցու հատակից մինչև տանիքն ամբողջությամբ. անշուշտ հաշվի ՝ է առնվելու պատմական բոլոր առանձնահատկությունները,-ասել է Տ. Աբրահամյանը և նշել:-Գաղափարը շատ բազմաշերտ է. առաջնայինը՝ դասական առումով եկեղեցու վերականգնման գործընթացն է: Խնդիրը ոչ թե ուղղակի եկեղեցու պատերի փոսալցումն է կամ հետագա քանդվելը կասեցնելը, այլ եկեղեցին իր նախկին պատմական տեսքի բերելը: Կարևոր է, որ վերականգնման օրինակելի մոդել ստեղծենք՝ սահմանելով բարձր նշաձող»:

 


Խոսելով ծրագրի ընդհանուր բյուջեի մասին՝ Տ. Աբրահամյանն նաև ասել է, որ աշխատանքները դեռ նախագծման փուլում են, և դրա ավարտից հետո նոր հնարավոր կլինի խոսել այդ մասին:

 

Վրեժ Հովսեփյան