Երեկ ընդամենը մեկ ժամում Երևանը ողողվեց անսպասելի կարկտով, որը հսկայական վնաս հասցրեց հատկապես մայրաքաղաքի ճանապարհներին։ Կարկուտը, անձրևը բնական աղետներ են, որոնցից ոչ մի քաղաքային իշխանություն ապահովագրված չէ, սակայն դա ամենևին չի ազատում նրանց այն պատասխանատվությունից, որոնք նրանք պետք է ստանձնեին՝ կարկտից հետո գոյացած «լճերն ու գետերը» քաղաքում վերացնելու համար։

 

Տպավորություն էր, որ Երևանը ջրի տակ է անցել, իսկ պատկան մարմինները պարզապես կաթվածահար վիճակում էին ու չէին հասկանում, թե ինչ է տեղի ունենում շրջապատում։ Սա, իհարկե, շատ վատ է։ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունն էր երեկ, ու պարոն քաղաքապետն, ըստ էության, պետք է ժամ առաջ ձեռնամուխ լիներ Երևանի ջրահեռացման աշխատանքներին։ Կարկտից դեռ երկու ժամ հետո Երևանի կենտրոնը հագեցած էր ջրով։

 

Այսօր առավոտյան արդեն դրանից հետքեր էլ չեն մնացել, սակայն մի՞թե դա կարող է արդարացում լինել քաղաքային իշխանության համար, որը թե՛ երեկ, թե՛ այսօր իր հույսը դրել է եղանակի վրա՝ հուսալով, որ այն կկանոնակարգվի։ Այսինքն, եթե այսօր լիներ ամպամած, ու անձրևը շարունակվեր, քաղաքապետարանը երևի կբավարարվեր միայն ուշի-ուշով դեպքերի ընթացքին հետևելով։ Տպավորություն է, որ այլ բանի նրանք ունակ չեն:

 

Կարեն Համբարձումյան