Ծախսե՞լ, թե՞ չծախսել միլիոններ՝ Երևանում զարգացած երկրներին հարիր ջրահեռացման համակարգ ունենալու համար։ Մոտավորապես այս դիելլեման է գալիս մտքիս, երբ հետևում եմ մի շարք ադեկվատ ֆեյսբուքյան հեղինակների կարծիքներին, որոնք երեկվա հեղեղի շուրջ բախվել են իրար։ Իրականում, երկու կողմերն էլ իրավացի են։


Մի կողմն արդարացիորեն նշում է, որ հասկացանք անձրև ու տարերային աղետ, հասկացանք, որ քաղաքապետարանում Բորեասն ու Զևսեր չեն նստած, որ կարողանան իրենց քմահաճույքով այնպես անել, որ տարերքը սանձվի, բայց կարելի՞ է գոնե կոլլեկտորները ու ջրահեռացման համակարգերը կարգի բերել, որպեսզի մյուս հեղեղները տարերային աղետների չվերածվեն։


Մյուս կողմն էլ է իրավացի, երբ մատնանշում է, որ սիրելի՛ հարգելիներ, կարելի է տեսականորեն մի քանի տասնյակ միլիոն դոլար ճարել ու նորոգել դեռ Սովետից մնացած ու մանրից ավերակի վերածվող ջրահեռացման համակարգը, բայց ավելի նպատակահարմար է մի քանի տարին մեկ ունենալ հեղեղ, հետո մի քանի տասնյակ անգամ ավելի քիչ միջոցներ ծախսելով՝ վերացնել դրա հետևանքները, որովհետև բնությունն այնպիսի բան է, որ ինչքան էլ մեգա-սուպեր զարգացած ջրահեռացման համակարգ ու գործող կոլլեկտորներ ունենաս, միևնույն է, կարող են անգամ դրանք քիչ լինել։ Ճապոնիան ու ԱՄՆ-ի հարավ-արևելյան ափամերձ գոտին էլ դրա վառ օրինակը թող լինի։


Իմ կողմից ավելացնեմ, որ եթե ոչ միայն մունիցիպալ մակարդակում, այլև առհասարակ՝ պետական ապպարտաում միջոցների անիմաստ մսխումը, վատնումը, կոռուպցիան ու թալանը լինեին գոնե ինչ-որ ողջամիտ սահմաններում, ապա ես առաջամարտիկը կլինեի նման խոշոր ծախսերի։

 

Բայց մենք ունենք այն, ինչ ունենք, ապա ես մի բան էլ դեմ կլինեի, եթե հանկարծ քաղաքապետարանը ազդարարեր նման ծրագրի իրականացման համար, որովհետև մեր իրականությունում դա կնշանակեր առանց այն էլ սուղ պետական միջոցների հերթական փոշիացման ու ատկատի նոր ու թոթոլ աղբյուր, որի վերջնարդյունքը, ամենայն հավանականությամբ, էապես չէր բարելավի քաղաքի պաշտպնվածությունը երեկվա հեղեղի պես հեղեղներից։ Ինչո՞ւ գնալ նման ծախսի, երբ նման հեղեղներ Երևանում ես իմ 30 տարիների ընթացքում տեսել եմ 2-3 անգամ, իսկ այդ միլիոնավոր դոլարները պահանջող շատ ավելի գերակա ուղղություններ ու խնդիրներ այսօր էլ ծառացած են մեր առջև։

 

Կոնստանտին Տեր - Նակալյան