Վերջին տարիներին Թուրքիայում կրոնական սպասավորներ պատրաստող իմամ-հաթիփ դպրոցների և դրանում ուսանողների թվաքանակի էական մեծացմանը զուգահեռ աճում է նաև դրանց դերակատարությունը: Կրթության ոլորտում գործի դրված վերակազմավորումների ու վերափոխումների համատեքստում մեծ տեղ է հատկացվում կրոնական գործոնին, ինչը սկսեց ներթափանցել նաև բանակ: Նախկինում բանակում կիրառվող արգելանքները վերացվեցին, ինչպես օրինակ՝ կրոնական գլխաշորի, իմամ-հաթիփ դպրոցների շրջանավարտների հետ կապված:

 


Կրոնական սպասավորներ պատրաստող դպրոցների շրջանավարտների համար բացվեցին սպայական առաջխաղացում ապահովելու դռները, և վերացավ թուրքական բանակի համար զգայուն թեմաներից համարվող և մշտապես կիրառված արգելանքը: Իմամ-հաթիփի շրջանավարտները կարող են սովորել ռազմաուսումնական հաստատություններում՝ համալրելով սպայական և ենթասպայական դասը:

 


Հիմա էլ իմամ-հաթիփ դպրոցները կրթության նախարարության հետ միասին ակտիվ քարոզչություն են իրականացնում մեծ թվով ուսանողներ ապահովելու համար: Իսկ այդ դպրոցների շրջանավարտներին բարձրագույն ռազմական ուսումնարաններ ընդունվելու արտոնություններ խոստացվում: Իմամ-հաթիփ դպրոցներից մեկի ծանոթագրական գրքույկում նշվում է, որ շրջանավարտներին ռազմաուսումնական, ոստիկանական հաստատություններ ընդունվելու արտոնություններ կտրվեն:

 

Լևոն Հովսեփյան