Ադրբեջանի արտաքին առևտրի շրջանառության ծավալները 2015թ. գերազանցել են $150 մլն ցուցանիշը: Ընդհանուր ծավալներով արտահանումը կազմակերպվել է 36 երկիր: Ադրբեջանի 13 խոշորագույն առևտրային գործընկերների (Իտալիա, Ֆրանսիա, ՌԴ, ԱՄՆ, Իսրայել, և այլն) արտաքին առևտրի շրջանառությունը գերազանցել է $800 մլն-ի շեմը: Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերն Իտալիան է: 2008-ին այս երկրի հետ շրջանառությունը կազմել էր մոտ $19.4 մլրդ, ինչը մոտ 3 անգամ ավելին է, քան այդ տարի 2-րդ երկրի' ԱՄՆ-ի հետ առևտրային շրջանառությունը ($6.3 մլրդ): Ավելին, այդ տարի Իտալիայի հետ արտաքին առևտրի շրջանառության ծավալը գերազանցում էր ԱՄՆ, Թուրքիայի, Ֆրանսիայի և ՌԴ-ի հետ առևտրի շրջանառության ծավալները միասին վերցված:
Իտալիան Ադրբեջանի թիվ մեկ առևտրային գործընկերն էր նաև վերջին 7-8 տարիների համար: Միայն 2007թ., երբ Իտալիան զիջեց Թուրքիային ($1.68 մլրդ) և ՌԴ-ին ($1.53 մլրդ) համապատասխանաբար: Առևտրային ծավալների հարցում հատկանշական հանգամանք է Խորվաթիայի, Ինդոնեզիայի, Մալայզիայի և Սինգապուրի հետ Ադրբեջանի արտաքին առևտրի շրջանառության շեշտակի աճը:
2006թ. այս երկրների հետ Ադրբեջանի առևտրի շրջանառության ծավալները չնչին էին' մի քանի մլն ԱՄՆ դոլար (Սինգապուրի հետ' մոտ $40 մլն): 2010-ին այս ցուցանիշը Խորվաթիայի, Ինդոնեզիայի և Մալայզիայի համար կազմում էր արդեն մոտ $800 մլն (Սինգապուրի հետ' մոտ $700 մլն): Այսինքն՝ աճ մոտ 150-160 անգամ: Այս հանգամանքը մահմեդական և «չմիացած երկրների» հետ Ադրբեջանի քաղաքական մերձեցման ռազմավարության տնտեսական արտացոլանքն է: Հաշվի առնելով նաև Չինաստանի հետ առևտրի զգալի աճը՝ այն վկայում է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նկատմամբ Ադրբեջանի ուշադրության ավելացման մասին:
Դիտարկված 6 տարի ժամանակաշրջանում Ադրբեջանի առևտրային հիմնական գործընկերների հնգյակում մշտապես հայտնվում է Իտալիան: Մեկական բացառությամբ' ՌԴ-ն և ԱՄՆ-ը, երկուական բացառությամբ' Ֆրանսիան և Իսրայելը, 3 անգամ' Թուրքիան: Սրանք են այն երկրները, որոնց հետ առևտրից գոյացած եկամուտները կազմում են Ադրբեջանի տնտեսական համակարգի ծավալային աճի հիմքը, և, ստիպված ենք ավելացնել, կամա թե ակամա սնում են ադրբեջանական միլիտարիզմը, սաստկացնում մեր տարածաշրջանում սպառազինության մրցավազքը և խորացնում այստեղ ռազմավարական անկայունությունը:
Ավարտելով Ադրբեջանի արտաքին առևտրի շրջանառության ծավալների դիտարկումը՝ նշենք, որ անցած 5 տարիների ընթացքում տեսանելիորեն նվազել է Թուրքիայի հետ Ադրբեջանի առևտրաշրջանառությունը' 2007-ի. $1.7 մլրդ-ից մինչև 2010թ. $0.9 մլրդ:
2007թ. Թուրքիան Ադրբեջանի թիվ մեկ առևտրային գործընկերն էր, իսկ 2010-ին' արդեն 7-րդը: Այս հանգամանքը համահունչ է տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի միջև որոշակի հակասությունների սրմանը (հայ-թուրքական մերձեցման գործընթաց, մահմեդականացման գործոն, Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների սրում): Նկատելի է նաև Իրանի հետ շրջանառության ծավալների նվազումը: Իրանը վերջին 10 տարվա ընթացքում Ադրբեջանի առևտրային գոծընկերների քսանյակում հայտնվել է միայն 3 անգամ, վերջինը' 2008-ին, զբաղեցնելով 20-րդ տեղը:
Կայուն է Վրաստանի հետ շրջանառության ծավալը' մոտ $500 մլն տիրույթում: Առևտրաշրջանառությունը ՌԴ-ի հետ տեսանելիորեն աճել է 2008-ից սկսած, երբ նախորդ տարվա համեմատ (մոտ $1.5 մլրդ) արձանագրվեց 30% աճ՝ այդ տարի կազմելով մոտ $1.9 մլրդ: Այս ցուցանիշը պահպանվում է նաև հաջորդ 3 տարիներին: Սա, անշուշտ, բացատրվում է 2008թ. վրացական ագրեսիային ՌԴ վճռական պատասխանից և հատկապես ՌԴ-ի կողմից Աբխազիայի ու Հրվ. Օսիայի անկախության ճանաչումից Ադրբեջանի ստացած տպավորություններով և մի շարք այլ հանգամանքներով:
Արմեն Հովասափյան