«Օ՜ Խամենեի... վստա՜հ եղիր, շուտով մենք կգանք և կավերենք քո տունն, ինչպես այս տները... Մենք կզավթենք Իրանը և կվերականգնենք սուննիական իսլամական ժողովրդին, ինչպիսին այն նախկինում էր»:
Վերոնշյալը մի հատված է «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորման իրաքյան ճյուղավորման կողմից դեռևս ընթացիկ տարվա մարտի 27-ին Իրանի դեմ պարսկերենով ուղղված մոտ 36 րոպեանոց տեսաուղերձից:
Այն իրողությունը, որ նախօրեին Թեհրանում իրականացված ահաբեկչական հարձակումները կազմակերպված էին հենց ԻՊ-ի ղեկավար շրջանակի գիտությամբ ու ցուցումով, որևէ կասկածի տեղիք չի տալիս: Կրկնակի ահաբեկչությունը բավական գրագետ կերպով նախապատրաստված, նախապես ծրագրված և հստակ քաղաքական ու հոգեբանական թիրախներ ունեցող բռնարարք էր, որի նպատակը ծայրահեղական կառույցի կողմից տարածաշրջանում իր գաղափարական և ռազմական կարևորագույն հակառակորդներից մեկի՝ Իրան պետությանը նպատակային հարված հասցնելն էր:
Վերոնշյալի համատեքստում, նախ պատահական չէին ընտրված թիրախները՝ իրանական պետականության երկու կարևոր խորհրդանիշները՝ երկրի օրենսդիր մարմինը և Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարանը: Հաջորդ կարևոր իրողությունը՝ ԻՊ-ն անմիջապես ստանձնեց բռնարարքի պատասխանատվությունը(դա տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ ահաբեկչությունը կազմակերպած է լինում կառույցի ղեկավար շրջանակի գիտությամբ), ինչպես նաև կառույցի քարոզչական պատասխանատուներն անմիջական կապ էին պահում հարձակումն իրականացրած զինյալների հետ՝ նրանցից ստանալով նկարներ և տեսանյութեր հենց հարձակման վայրից, որոնք տարածվում էին իսլամականների տեղեկատվական ռեսուրսներով:
Վերլուծելով ահաբեկչական հարձակումների արդյունավետությունը՝ որևէ նման գործողության «արդյունքները» կարելի է դասակարգել հետևյալ պայմանական հաջորդականությամբ՝
1. Ընտրված թիրախը և իրականացման գրագիտությունը:
2.Հասցված մարդկային և նյութական ուղղակի վնասի ծավալները:
3. Առավել մասշտաբային ազդեցության էֆեկտը(ներքին անկայունություն հասարակության շրջանում, իշխանական համակարգում):
4.Հոգեբանական ազդեցություն (խուճապային իրավիճակ թիրախավորված երկրի հասարակությունում):
5. Քարոզչական ազդեցությունը:
Այս տեսանկյունից կարելի է նշել, որ, ընդհանուր առմամբ, Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության պարագայում հարաբերական հաջողություն արձանագրվեց միայն 1-ին և 5-րդ կետերի առումով՝ թիրախային ու քարոզչական հարթություններում, մինչդեռ մյուս ուղղություններում արդյունավետությունը նվազագույնի սահմաններում է: Մարդկային և նյութական վնասի համեմատության տեսանկյունից նման զինվածության և հասցված վնասի հարաբերակցությունը բացասական էֆեկտ ունի, հարձակման թիրախ դարձած ԻԻՀ խորհրդարանը շարունակում էր գործունեությունը, կարծես ոչինչ էլ չէր պատահել, անվտանգային ծառայությունները(չհաշված սկզբնական ձախողումը) գործում էին սառը և կշռադատված, երկրի իշխանության և հասարակության արձագանքն էլ սթափ էր, հանգիստ ու շրջահայաց:
Ի պատիվ և՜ ԻԻՀ իշխանությունների, և՜ իրանական հասարակության, պետք է նշել, որ նրանք պատվով դիմագրավեցին բավական լուրջ փորձությունը՝ դրսևորելով հարատև պետականության հանգամանքին և կուռ հասարակությանը բնորոշ բոլոր հատկանիշները: Մինչդեռ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները հերթական անգամ փաստեցին այն իրողությունը, որ մերօրյա աշխարհի մեծագույն չարիքն ի զորու է շրջանցել անգամ ամենանվտանգ թվացող սահմանները. սա հավելյալ զգոնության և աչալրջության հրամայական է առաջացնում անգամ անվտանգության այնպիսի «կղզյակների» համար, որոնց, առաջին հայացքից, իսլամիստական ահաբեկչությունը չի թիրախավորում:
Արմեն Պետրոսյան