Ակնհայտ է, որ Թեհրանում տեղի ունեցած վերջին ահաբեկչական հարձակումները նպատակ են հետապնդում նաև հավասարակշռությունից հանելու Իրանը և այս երկիրը ներքաշելու հապշտապ գործողությունների մեջ, որտեղ սխալվելու հավանականությունը չափազանց մեծ է լինելու:


Ասվածի ապացույց կարող է լինել իրանցիների համար նաև բարոյական դաշտում այնպիսի զգայուն կետին ահաբեկչական հարված հասցնելը, ինչպիսին Իսլամական Հանրապետության հիմնադիր և շիայական պետական կառավարման մոդելի ճարտարապետ Իմամ Խոմեյնիի դամբարանի տարածքն է:


Ակնհայտ է, որ նման ծրագրավորում իրականացնողները չեն հաշվարկել կարևոր մի հանգամանք. «յոթը չափիր, մեկը կտրիր» իմաստնությունը լավագույնն է բնորոշում իրանցիների գործելաոճը գրեթե ամեն ինչում, հետևաբար Իրանից զգացական, հապճեպ և սխալաշատ պատսխաններ ակնկալելն առնվազն անհեռատեսություն է:


Սխալ է հաշվարկված նաև ահաբեկչության միջոցով Իրանի ներսում խուճապային տրամադրություններ և ներկա վարչակարգի նկատմամբ անվստահություն սերմանելու բաղադրիչը: Ընդհակառակը՝ նկատվում է բոլորովին հակառակ գործընթաց, որն ի վերջո հանգեցնելու է իրանցիների շրջանում քաղաքական և հասարակական համախմբման աննախադեպ բարձր մակարդակի, ինչը հնարավորություն է ընձեռելու իրանական ռազմաքաղաքական վերնախավին ներազգային համերաշխության պայմաններում հանգիստ և վստահորեն ծրագրավորելու պատասխան բոլոր գործողությունները:

 

Վարդան Ոսկանյան