Այսօր ԱԺ-ի արտահերթ նիստում քննարկվում էր Կոռուպցիայի կանխարգելման ստեղծման հարցը։ Թվում էր, թե ամեն ինչ միապաղաղ ու հերթապահ պաթոսով է լինելու, բայց դաշնակները զարմացրեցին։ Մասնավորապես՝ ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը հորդորեց, որ պետք չէ իրար վրա գործ տալ։
Բնականաբար, դա համեմվեց հայապահպանության ու հայուգենիստական խավարամտությամբ հագեցած պաթոսով։
Մենք լավ չենք ապրելու, քանի դեռ անգամ ԱԺ պատգամավորի մակարդակով գերիշխում է Նուբարաշեն ՔՀԿ-ի երկարամյա բանտարկյալի արժեհամակարգ։ Էլ չխոսեմ սովորական մահկանացուներիս մասին։ Նախ, ի՞նչ է ասել գործ տալ։ Հիմա եթե Աստված մի արասցե, Անդրանիկ Կարապետյանի նկատմամբ գործեին ենթադրենք ծանր հանցագործություն՝ մահափորձ, կողոպուտ, առևանգում ու պատանդառություն և այլն, մի՞թե Կարապետյանը հրաժարվելու էր ցուցմունք տալ ու/կամ բողոք ներկայացնել իրավապահ մարմիններին։ Չեմ կարծում։
Այստեղից բխում է երկրորդ տրամաբանական հարցը։ Ո՞վ է ասել, որ ծանր ու միջին ծանրության հանցագործությունների պարագայում բողոքելը, վկայություն ու ցուցմունք տալը գործ տալ չէ, իսկ ասենք կաշառակերության, պաշտոնական դիրքի չարաշահման ու մանր իրավախախտումների դեպքում՝ գործ տալ է։ Որտեղո՞վ է անցնում այդ նուրբ սահմանը, որի մի կողմում պայմանական Անդրանիկ Կարապետյանը գողական պանյատներով է առաջնորդվում, իսկ մյուս կողմում՝ օրինապահ քաղաքացուն հարիր նորմերով։ Ես ասում եմ, որ նման սահման եթե կա, ապա հենց քրեական ու քաղաքցիական օրենսգրքերով գծված սահմանն է։ Նկատե՞լ ես հանցագործություն, ապա ոչ միայն ցանկալի է, որ հաղորդես դրա մասին, այլև պարտավոր ես անել դա։ Եթե չես անում, ապա իրավունք չունես բողոքես անպատժելիությունից, պատժի անխուսափելիության բացակայությունից և անարդարությունից։
Ընդհանրապես, հետաքրքիր ժողովուրդ ենք։ Ում փողոցում կանգնեցնես ու հարցնես, թե որոնք են երկրի խնդիրները՝ երկու ժամանաոց մանրակրկիտ լիկբեզ կանի, բայց երբ մատնանշում ես իրենց, որ հենց իրենք՝ իրենց մասով մասնակից են այդ ամենին, կամ էլ՝ առնվազն ոչինչ չեն անում, որպեսզի խանգարեն դրան, միանգամից մի ամլիկ գառի է վերածվում այդ թեժ պոլեմիստը։ Ռեֆլեքիսա չկա, միայն՝ մուննաթ։
Հ․Գ․ Գործ տալ եզրույթն էլ պետք է ընդհանրապես տաբու լինի, այն էլ՝ խորհրդարանում, այն էլ՝ պատգամավորի բառապաշարում։ Զոն նայող չեք, այդ թվում նաև զոն նայողներին զոնում պահելու մասին օրենքներ գրող եք։
Կանստանտին Տեր-Նակալյան