Արաբական աշխարհում, ինչպես և սպասվում էր, կրքերը գնալով թեժանում են։ Այն բանից հետո, երբ Կատարը հարևանների՝ Բահրեյի, Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի կողմից հայտնվեց դինվանագիտական մեկուսացման մեջ, առաջին անգամ այդ երկրի իշխանությունները պատասխանում են իրենց ընդդիմախոսներին, ու դա, ինչպես և սպասվում էր, այդ երկրի ազդեցության տակ գտնվող մեդիաների միջոցով է արվում։ Մասնավորապես՝ խոսքը գնում է Արաբական Միացյալ Էմիրությունների մասին, իսկ ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ում այդ երկրի դեսպանի գործունեության մասին։
Հաքերային հարձակման թիրախ դարձած դեսպան Յոսեֆ Ալ-Աթաիբայի արխիվներից իմանում ենք, որ նա գաղտնի շփումներ է ունեցել իսրայելական օրիենտացիա ունեցող մի շարք լրատվամիջոցների ու անալիտիկ կենտրոնների հետ։ Սա, հիշեցնենք, արգելվում է վահաբիթական մոնարխիայի օրենքներով։ Դեռ ավելին՝ այդ փաստաթղթերից պարզ է դառնում, որ ԱՄԷ-ն լրջագույն մասնակցություն է ունեցել անցյալ տարի Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող գործում։ Ու սա դեռ միայն սկիզբն է։ Պարզ էր, որ Կատարում ձեռքները ծալած չեն նստելու ու սպասելու, թե երբ հարևանները կանեն հաջորդ քայլը։
ԱՄԷ-ի այս քայլը կարող ենք բացատրել մի հանգամանքով. ամենայն հավանականությամբ, արվում է հնարավորը՝ դառնալու ԱՄՆ համար համար մեկ պարտնյորը տարածաշրջանում՝ խլելով այդ «տիտղոսը» Սաուդյան Արաբիայից, ով երկար ժամանակ է՝ հանդիսանում է ԱՄՆ-ի գործընկեր ու երկու շաբաթ առաջ 300 միլիարդ դոլարի ռազմամթերքի համաձայնագիր ստորագրեց նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս ամենից կարող ենք արձանագրել մի բան. իրադարձությունները Պարսից ծոցում դառնում են չափազանց վտանգավոր, ու սա դեռ միայն սկիզբն է։