Բավականին հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել մեր երկրում։ Այնպիսի տպավորություն է, որ քաղաքական ուժերը գնալով պարզապես դառնում են սակավաթիվ, ընդ որում՝ դա վերաբերում է բոլորին՝ ներառյալ ՀՀԿ-ին։

 

Պակասում է մարդկանց կազմը, գնալով թմրում է քաղաքական հետաքրքրությունն, ու տպավորություն է, որ երկիրը մնացել է միայն Սերժ Սարգսյանի հույսին։ Եթե նախկինում թեկուզ որոշակի բացասկան իմաստով արծարծվում էր ու հրապարակ բերվում նախկին նախագահների համակարտության «ինստիտուտը», ապա հիմա դա էլ չկա։ Երկրորդը, առհասարակ, ընդհատակ է անցել, ու ոչ մի հետաքրքրություն չունի Հայաստանում, մանավանդ պառլամենտական ընտրություններից հետո, դե իսկ առաջինի դեպքում ամեն ինչ պարզ է։ Պարտված ուժը գոնե այս պարագայում որևէ քաղաքական ամբիցիա չի կարող դրսևորել, որովհետև բանականությունը ստիպում է գոնե միառժամանակ լռել։

 

Ապատիայի շեշտակի տոկոսային թվի աճման համար պատասխանատվություն կրում է նաև հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը։ Ցինիկաբար, բայց հաստատակամորեն ոչնչացնելով ու մասնատելով քաղաքական դաշտը՝ նա այժմ կագնել է շատ լուրջ խնդրի առաջ։ Իշխանության ներսում բոլոր հակասությունները տարվում են նրա անձը շրջանցելով ու բոլորի կռիվները բերում են դեպի նախագահը։ Նա էլ իր հերթին գնալով ավելի շատ չափով է սկսում իշխանության մեջ բաշխում անել, սակայն այդպես երկար ժամանակ հնարավոր չէ շարունակել։ Իսկ էլիտայի փոփոխություն մեր երկրում տեղի կունենա միայն մի դեպքում, երբ դրա պահանջը զգա ոչ թե հանրությունը, այլ հենց ինքը՝ էլիտան։ Հայաստանում, եթե անկեղծ ասենք, այդպիսի զգացողություն, սկսած 1998 թվականից, չի եղել։