Ուտելու ժամերի միջեւ մեծ ընդմիջումներն ավելորդ ախորժակ են գրգռում, հետեւաբար' նաեւ ավելորդ քաշ հավաքելու պատճառ դառնում, համարում են դիետոլոգները։ Դրա համար էլ երեկոյան ժամը վեցից հետո ուտել կարելի է ու պետք է, բայց կարեւոր է հաշվի առնել, որ քնին պատրաստվող օրգանիզմում նյութափոխանակության գործընթացները դանդաղում են։
Դիետոլոգները նշել են, թե որ մթերքները կարելի է ուտել ուշ ժամին առանց ավելորդ քաշ հավաքելու վտանգի։ Նման մթերքներից է կաղամբը, որը կարելի է գործածել գործնականում որքան ասես ու ցանկացած ձեւով։ Կաղամբն ունի ցածր կալորիականություն ու այն մարսելու համար մեծ էներգիայի ծախս է պահանջվում, բացի դրանից, այն հարուստ է վիտամիններով ու հանքային նյութերով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին։
Նաեւ փորձագետները երեկոյան ուշ ժամերի համար հարմար են համարում ծիրան ու նեկտարին ուտելը։ Այդ մրգերում, հակառակ տարածված տեսակետի, քիչ են կալորիաները, ընդ որում եղածն էլ «ճիշտ» կալորիաներ են, այսինքն ճարպափոխանակությանը նպաստող ածխաջրածիններ ու բջջանյութ։
Երեկոյան հարմար է նաեւ եփած եգիպտացորեն ու բազուկ ուտելը։ Եգիպտացորենն ունի տարրեր, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել խոլեսթերինից ու խոչընդոտում են ճարպային պաշարների կուտակմանը։ Բազուկից պատրաստված աղցանը կօգնի այրել ճարպը, բազուկի մեջ պարունակվող բետաինի շնորհիվ։ Բացի դրանից, բազուկն օրգանիզմը մաքրում է շլակներից ու կարգավորում աղիների աշխատանքը։
Ուշ ժամերին հարմար է նաեւ ծովամթերքը։ Դրանք պարունակում են հեշտ յուրացվող սպիտակուց, ֆոսֆոր ու ճարպաթթուներ։ Բայց ծովամթերքի չափաբաժինը չպետք է գերազանցի 100 գրամը, ու այն նախընտրելի է գործածել շոգեխաշած վիճակում։
Ընդհանուր առմամբ, երեկոյան տեղին են նաեւ շոգեխաշած բանջարեղենը։ Դիետոլոգների խոսքով, շոգեխաշած բանջարեղենն ավելի լավ է մարսվում, քան' թարմը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի շատ օգտակար նյութեր, վիտամիններ ու միներալներ է յուրացնում։ Դդմիկից, սմբուկից, գազարից, ոլոռից ու այլ բանջարեղենից պատրաստված բանջարեղենային ռագուն հրաշալի հագեցնող ու թեթեւ ընթրիք է։ Միակ բանջարեղենը, որը չարժե չարաշահել, կարտոֆիլն է։
Վրեժ Հովսեփյան