Իսրայելի պաշտպանության բանակը մեծ ուշադրություն է դարձնում զինծառայողների անձնական ու մասնագիտական անվտանգության ապահովման հարցերին։ Իսրայելի պաշտպանության բանակը վերջերս մասնավոր մի ընկերությունից ձեռքբերած տեխնոլոգիական լուծման շնորհիվ կկարողանա հայտնաբերել իր զինծառայողների մասնավոր ավտոմեքենաներում տեղադրված գաղտնալսող սարքավորումները։
Վերջին տարիներին Իսրայելի ռազմական հակահետախուզությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում սպաների ու զինվորների բջջային հեռախոսների գաղտնալսման ու տեղորոշման սպառնալիքների կանխման ուղղությամբ։
Հարցի հետ կապված սկսեցին կիրառվել լուրջ սահմանափակումներ և արգելքներ ռազմական նշանակության օբյեկտներում և կարևորագույն խորհրդակցությունների ու քննարկումների համար նախատեսված սենյակներում և լսարաններում բջջային հեռախոսների ոչ միայն օգտագործման, այլ առհասարակ դրանց մուտքի թույլտվության հարցերում։