Երևանի պարետ Արշավիր Շահխաթունին գրում է. «Ժամը երեքին Աբովյան պողոտայի սկզբից մինչև Սուրբ Սարգիս կանգնած էին վաշտեր: Արամը հասավ ինքնաշարժով և հաղորդեց, թե կառավարությունը գալիս է: Մի քանի րոպեից գլխավոր պողոտայի անկյունից երևաց կառավարական խումբը ինքնաշարժերով: Ես հրամայեցի. Հանդիսավոր տողանցք. պատրա’ստ. հանդա’րտ. պատվի ա’ռ՚: Եվ մերկացնելով իմ սուրն ու ինձ հետ ունենալով հեզելազորից հիսուն հոգի' մոտեցա կառավարության կազմին: Ես խոնարհեցի իմ սուրը Հայաստանի նախարարապետի առջև, մինչդեռ իմ ձին բարձրացած էր երկու ոտքի վրա:
Ես ասացի. ՙՁերդ գերազանցություն, որպես Հայաստանի մայրաքաղաքի զինվորական հրամանատար, ողջունում եմ Ձեր գալուստը: Ես անսահման երջանիկ եմ, որ դարերից հետո առաջին սպան եմ, որ խոնարհեցնում է իր սուրը իր կառավարության առջև: Այս վայրկյանիս ես հպարտությամբ դնում եմ սուրս իր պատյանի մեջ և դուրս կհանեմ այն ժամանակ, երբ Դուք հրամայեք պաշտպանել մեր աննման հայրենիքը՚: Քաջազնունին շատ հուզված պատասխանեց և համարյա զսպում էր իր արտասուքը: Այսպես եղավ Հայաստանի առաջին կառավարության մուտքը Երևան»:
Հ.Գ. Որևէ հայ մարդ չի կարող չհուզվել այս տողերից, իսկ սպաների հոգին տակն ու վրա է լինում: