Թուրքիան ու Ադրբեջանը «գրոհել» են Վրաստանի վրա։ Մայիսի 22-ից գրեթե միաժամանակ Վրաստանում են գտնվում Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունն ու պաշտոնական այցով ժամանած Թուրքիայի վարչապետը։ Երեք երկրների ՊՆ նախարարները հայտարարել են, որ հունիսին տեղի են ունենալու համատեղ զորավարժություններ, որին մասնակցելու են հատուկ ստորաբաժանումները։
Իրենց կեղտոտ պլանների մեջ Վրաստանին ներքաշելու համար այս տանդեմը դրսևորում է էշի համառություն։ Այն աստիճանի համառություն, որ Թուրքիայի վարչապետն առանց երկմտելու, որ Ռուսաստանի հետ նոր ջերմացող հարաբերությունները կարող են վնասվել, վրացիներին սիրաշահելու համար հատուկ խոսեց Աբխազիայի և Օսեթիայի հարցը Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու անհրաժեշտության մասին։ Մի բան ակնհայտ է՝ Թուրքիայի և Ադրբեջանի հիմնական նպատակը մանիպուլյացիաների միջոցով Վրաստանի վրա առավելագույն վերահսկողություն իրականացնելն է, Վրաստանին Հայաստանից կտրելը Հայաստանին լիարժեք շրջափակման ենթարկելու համար։
Սաակաշվիլու եփած բորշը թուրքերը պարտադրում են, որ միշտ մնա կրակի վրա։ Հայկական կողմն արդեն անհանգստանալու առիթ ունի։ Պետք է գնալ Վրաստանի հետ ավելի լայն համագործակցության ուղեգծով՝ ընդգրկելով հնարավոր բոլոր ոլորտները։ Ըստ երևույթին՝ Վրաստանը հիմա ինքն էլ ունի Հայաստանի կարիքը։