ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշ ժամանակ առաջ կառավարության նիստի աղմկահարույց ելույթը՝ «պրիմիտիվ» գողերի մասին, երևում է բացարձակ չի սթափեցրել օրենսդիր մարմնում պատսպարված և ոչ պակաս պրիմիտիվ թալանչիներին, ովքեր առանց ամոթի միլիոոներ են գրպանում պետական բյուջեից, որը գոյանում է ՄԵՐ տված հարկերից և այլնից: 
Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկը այսօր մի տեղեկություն էր հրապարակել, ըստ որի ԱԺ-ի արդեն նախկին նախագահ Գալուստ Սահակյանն ունեցել է 23 օգնական ու խորհրդական: Այս տեղեկության վերաբերյալ ԱԺ-ից ոչ մի արձագանք մինչև հիմա չի եղել, ըստ որի կարելի է ենթադրել, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Զարմանալի է, ինչպե՞ս կարելի է այդքան պորտաբույծի և ձրիակերի պահել ժողովրդի հաշվին: Համոզված եմ, որ այդ 23-ից ճնշող մեծամասնությունը ոչինչով չեն զբաղվել և ընդամենն աշխատավարձ են ստացել և թրև եկել պետության հաշվին այս կամ այն երկրում: Հետաքրիր է նաև իմանալ, թե այդ 23 օգնականն ու խորհրդականը ինչու՞մ են օգնել Գալուստ Գրիգորիչին և ի՞նչ խորհուրդներ են տվել: Դատելով պարոն Սահակյանի ելույթներից հաստատ կարող եմ ասել, որ այդ օգնականների և խորհրդականների մեծ մասը տարրական անգրագետ և ապաշնորհ մարդիկ են: Գալուստ Գրիգորիչի ասելով."Խորհրդականը և օգնականը, դա նրանք չեն, որ իրենք պետք է օգնեն կամ խորհուրդներ տան: " 

Եթե որոշ նախկին և ներկա պաշտոնյաներ ցանկանում են իրենց յուրայիններին լավություն անել, ապա թող անեն իրենց գրպանի հաշվին: Օրինակ՝ մի երթուղայինի գիծ նվեր տան կամ ինչ-որ հյուրանոցում որպես մենեջեր ընդունեն, այլ ոչ թե պետության առանց այդ էլ սուղ միջոցները թալանեն: Գործադիր մարմնի պրիմիտիվ գողերին գումարվեցին օրենսդիր մարմնի պրիմիտիվ թալանչիները: 


Հ.Գ. Որքան տեղյակ եմ, ԱԺ-ում խորհրդականի և օգնականի ՄԻՆԻՄԱԼ աշխատավարձը կազմում է 150 հազար դրամ: Այսինքն, ամսեկան միայն 3 միլիոն 450 հազար դրամ գնացել է ԱԺ նախագահին սպասարկող օգնականներին և խորհրդականներին որպես աշխատավարձ: Բայց համոզված եմ, որ թիվն ավելի մեծ է: Պատերազմող և բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ ունեցող երկրի համար սա անասելի ճոխություն է: Այս գումարները ավելի լավ է ուղղել ԲԱՆԱԿԻՆ և խրախուսել այսպիսի պորըաբույծների արտագաղթը: 


Իմ կարծիքով ԱԺ նախագահին արդյունավետ գործունեության համար 5-6 խորհրդականից և օգնականից ավել պետք չէ:


Գագիկ Համբարյան