BlogNews.am-ը գրում է.Արդեն պատմել ենք Վարդան Սարգսյանի «Տնից հեռու» հաղորդման մասին։ Այս անգամ նա մեկնել է Հնդկաստան և բացառիկ հարցազրույց ունեցել հնդկական սերիալների դերասանների հետ: Հաղորդման առաջին թողարկումը ԱՏՎ-ի եթերում կլինի երկուշաբթի՝ ժամը՝ 20:00-ին:
«Բավականին հետաքրքիր հաղորդում է սպասվում: Ամեն երկիր գնալիս ես սովորեցնում եմ՝ ինչպես կարելի է, օրինակ, մատչելի հանգստանալ: Այս անգամվա այցիս ժամանակ հանդիպեցի Նանդիշի հետ, ով բավականին սիրված դերասան է: Առաջին հանդիպումը նրա հետ էր։ Խոսել ենք նրա անձնական կյանքից, գործունեությունից և Հայաստան իր այցից: Բազում բացահայտումներ են լինելու, քանի որ հեռուստադիտողը նրանց տեսնում է միայն հեռուստասերիալում: Դերասաններից մի քանիսին հանդիպել եմ նրանց տանը, նկարահանման հրապարակում, մի քանիսն էլ ինձ մոտ հյուրանոց էին եկել: Հետաքրքիր սերիաներ են ստացվել, և հույս ունեմ՝ կարդարացնեմ հեռուստադիտողների սպասելիքները»,- պատմում է Վարդանը։
Վարդանը նաև պատմում է, որ նախորդ այցի ժամանակ ինչ-ինչ պատճառներով չէր հասցրել նկարահանել Արմենիա հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Ինչ կոչել այս սերը» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Բարունին. «Նրան նկարահանելն ամենաբարդն էր. նա ամենապահանջվածներից մեկն է Հնդկաստանում, երկրպագուների մեծ բանակ ունի: Նրա հետ հանդիպելը իրոք բարդ էր, բազմաթիվ անգամ մերժումներ էին գալիս, բայց ես նպատակասլաց եմ և եթե նպատակ եմ դրել, պետք է հասնեմ: Այնպիսի մարդիկ նրան զանգահարեցին, որ անձամբ նա ինձ հետո զանգահարեց, և պայմանավորվեցինք նկարահանման համար»:
Չնայած տվյալ դերասանները Հայաստանում բավականին սիրված և պահանջված են, բայց, ինչպես Վարդանն է պատմում, Հնդկաստանում չունեն նման ճանաչում. «Երբ յուրաքանչյուրի հետ հանդիպում էի, ես միշտ հետևում էի, թե կողքիններն ինչպես են իրենց պահում: Գիտեք, այնտեղ կան մեգաաստղեր, որոնց հանդիպելը պարզապես անհնարին է, քանի որ նրանք իսկապես աստղային կյանքով են ապրում, ես տեսել եմ՝ ինչ պայմաններում են ապրում նրանք: Իսկ այս հեռուստասերիալի դերասանների բախտը բերել է, որ սերիալը ցուցադրվել է մի քանի երկրներում: Իհարկե, նրանց թվում կային այնպիսի դերասան-դերասանուհիներ, ովքեր ունեին միլիոնավոր հետևորդներ Ինստագրամում»:
Ի դեպ՝ նշենք, որ արդեն առաջին հաղորդման ժամանակ կլինի նաև խաղ-մրցույթ. «Կլինի հարց՝ հնդիկ դերասանի հետ կապված, և ճիշտ պատասխանողը կստանա նվեր՝ տվյալ դերասանի ստորագրությամբ լուսանկար: Դա կլինի միայն իմ Ինստագրամի էջում, և առաջին հինգ պատասխանողները կստանան նվերներ: Կարծում եմ՝ դրանք սպասված նվերներ կլինեն, որովհետև, եթե մարդիկ երկրպագում են, կարևոր է նրանց համար»:
Վերջում ավելացնենք, որ յուրաքանչյուր երկուշաբթի ԱՏՎ-ի եթերում կլինի հարցազրույցների շարքը հնդիկ դերասանների հետ: