Ներկա Հայաստանում ամենից մեծ աղետը արտագաղթն է: Ես չեմ խոսում երկրի դեմոգրաֆիկ վիճակի, «անվտանգություն - զարգացում» տեսանկյունից ներկա վիճակի ծայրահեղ մտահոգիչ լինելու մեջ: Դրա մասին շատ է խոսվել: Ես խոսում եմ արտագաղթի անձնական տիրույթի մասին:


Հայրենիքն էդ մենակ հողը, մշակույթը, պատմությունը չի: Հայրենիքն առաջին հերթին մարդկային միջավայրն է, ուր դու ինքդ մարդ ես դարձել ու փորձում ես մնալ այդպիսին: Հայրենիքը քո մանկությունն է, հիշողությունը, կենսագրությունը, քո տունը. այդ ամենում ամենակարևորը՝ քեզ շրջապատող մարդիկ՝ ընկերներդ:


Ու տարեց տարի այդ մարդիկ այլևս չկան: Տարեց տարի ընկերներդ գնում են երկրից: Լուռ, անաղմուկ հավաքում են իրենց եղած-չեղածն ու գնում: Սկզբում մանկության ընկերներդ, թաղիդ տղերքը, ապա նաև ընկերներդ՝ ում հետ արդեն ընտանքիներով ես կապված ասենք մի 20 տարի: Մարդիկ, ովքեր մի ամբողջ կյանք արդեն քեզ բարեկամ են, անփոխարինելի՝ քո ընտանքում գնում են: Մարդիկ են գնում, առանց ում դու էլ դու չես. կյանքումդ շատ բան է փոխվում:


Իրենք գնում են դառնում մենակ: Դու մնում ես՝ դառնում մենակ: Արդյունքում կենացների պակաս չզգացող հողն է մնում դատարակ. ամեն առումով դատարկ:
Լավ չի:

 

Ալեն Ղևոնդյան