ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Ռիչարդ Հոգլանդը մայիսի 18-ին հանդես են եկել հայտարարությամբ։ Այս հայտարարությունը մեկ քայլ առաջ է մնացած բոլոր հայտարարություններից, քանի որ այս անգամ համանախագահները կոնկրետ անուններ են օգտագործել հայտարարության մեջ:
«Ըստ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների, մայիսի 15-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային։
Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական Զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում են և տագնապի առիթ։
Իրարամերժ տեղեկություններ կան այս հարվածների նշանակետերի, ինչպես նաև մարդկային կորուստների և վնասների մասին։ ԵԱՀԿ Մինսկի համանախագների խումբը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավաքագրել լրացուցիչ տվյալներ ու վերլուծություններ՝ կատարվածի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար»,-նշվում է համանախագահների տարածած հայտարարության մեջ։
Այսպիսով ԵԱՀԿ Մինսկի խումբը պարզ հայտարարում է, որ սադրիչ գործողությունները կատարվում են Ադրբեջանի կողմից: Հայկական կողմը հարկ եղած դեպքում միայն պատասխանում է և փորձում է լռեցնել թշնամուն:
Աշոտ Ասատրյան