Իսրայելական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, որ, չնայած երկրում առկա բժշկական ոլորտի մասնագետների շոշափելի պակասին, Առողջապահության նախարարությունը Հայաստանի բժշկական բուհերում կրթություն ստացած 100-ավոր իսրայելցի մասնագետների չի թույլատրում աշխատանքի անցնել երկրի բժշկական հիմնարկներում։ Պաշտոնական պարզաբանումը հետևյալն է՝ հայկական բուհերում «դասավանդումը ցածր որակի է»:


Հարկ է նշել, որ դեռևս կես տարի առաջ Իսրայելի ԱՆ-ն տարածել էր իրազեկում առ այն, որ հայաստանյան բուհերի շրջանավարտների հավաստագրումը կարող է ձգվել տևական ժամանակով: Զուգահեռաբար, Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու նպատակներ ունեցող երիտասարդներին առաջարկվել է վերանայել որոշումը, քանի որ այստեղից ստացված դիպլոմը կարող է չճանաչվել Իսրայելում:

 

Հայաստանում կրթություն ստացած իսրայելցիների ամենաառարկայական հակափաստարկն էլ այն է, որ երբ իրենք մեկնում էին Հայաստան, տվյալ ժամանակաշրջանում ԱՆ-ն ճանաչում էր այդ երկրի բուհերի տրամադրած դիպլոմները:


Ի պատասխան՝ Իսրայելի ԱՆ-ն նշել է, որ «Յուրաքանչյուր դեպք դիտարկվում է առանձին ձևաչափում, քանի որ իրականացնելով սեփական պարտավորությունները և մտահոգվելով բնակչության առողջության համար՝ նախարարությունը պետք է վստահ լինի, որ բժշկության ոլորտում պրակտիկ գործունեություն ծավալող անձինք իրոք ստացել են անհրաժեշտ կրթություն: Ավելի ու ավելի ապացույցներ են ստացվում առ այն, որ հայաստանյան տարբեր բուհերում առկա ուսումնական ծրագրերը ձևական են, հետևաբար դրանց կողմից տրամադրվող դիպլոմները ևս ձևական են»: Իսրայելական առողջապահական գերատեսչության պատասխանում նաև նշվել է, որ արդեն իսկ բողոքի դեպք է արձանագրվել երկրի ոստիկանությունում, և գործը գտնվում է հետաքննության փուլում:

 

Այն իրողությունը, որ հայաստանյան հատկապես ոչ պետական մի շարք բուհերում տրվող կրթությունը, մեղմ ասած, ձևական բնույթ է կրում, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, մինչդեռ մտահոգիչ է հատկապես այն հանգամանքը, որ մեր երկրում տրամադրվող կրթության դեմ իրականացվող քարոզչական արշավը կարող է մեխանիկորեն ստվերել նաև հայկական բավական կայացած կրթօջախների հեղինակությունը, տվյալ դեպքում՝ արտասահմանյան մեծաթիվ երկրներում բավական բարձր հեղինակություն ունեցող Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որտեղ սովորում են բազմաթիվ օտարերկրացիներ: Այս համատեքստում՝ նաև հայկական բժշկական առանցքային կրթօջախի հեղինակությունը չվնասելու հետ կապված տարաբնույթ քայլերի իրականացումն, իմ խորին համոզմամբ, անհրաժեշտություն է, մանավանդ, երբ ինչպես վերն արդեն նշվել է, Իսրայելում խնդիրը բավական արդիական է, առավել ևս՝ ոստիկանությունում կա հարուցված գործ, և ընթանում է հետաքննություն: