Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել, իր հրաժարականի կապակցությամբ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

Արտաշատի քաղաքապետի պաշտոնում աշխատեցի մեծ նվիրումով և պատասխանատվությամբ' ջանք ու եռանդ չխնայելով արտաշատցիներին տվածս խոստումները կատարելու և Արտաշատն ավելի գեղեցիկ և հարմարավետ դարձնելու համար: Չեմ պնդի, որ իրականացրել եմ բոլոր ցանկություններս ու երազանքներս մեր քաղաքի համար, բայց շատ բան արվեց իմ և արտաշատցիների համատեղ ջանքերով:

 

Վայր եմ դնում քաղաքապետի անչափ պատասխանատու լիազորություններս, նոր' ավելի ծանր պատասխանատվություն ստանձնելու Ազգային ժողովի պատգամավորի մանդատով սեփական քաղաքիս, մարզիս և պետությանս ծառայելու համար:


Շնորհակալ եմ Արտաշատի քաղաքացիներին' համատեղ աշխատանքի համար, շատ բան սովորեցի ձեզանից, իմաստացա և նորովի ընկալեցի կյանքը:

 

Շնորհակալ եմ, որ գնահատեցիք իմ նվիրումն ու աշխատասիրությունը, և խորհրդարանական ընտրություններին ինձ ևս վստահեցիք ձեր քվեն, որի պատիվը, խոստանում եմ' բարձր կպահեմ Ազգային Ժողովում:

 

Վայր եմ դնում Արտաշատի քաղաքապետի լիզարություններս, բայց չեմ հեռանում Արտաշատից, այլ' օգտագործելու եմ նոր լիազորություններս արդեն ոչ միայն Արտաշատի, այլ' մեր Արարատի մարզի և Հայաստանի առջև կուտակված խնդիրները լուծելու համար: