ԱՄՆ-ն ուշացնում է Սիրիայում կռվող իսլամական ծայրահեղ արմատական Հայա Թահրիր ալ-Շամն ահաբեկչական բնորոշել, ինչը խնդիրներ է առաջացնում հենց Արևմուտքում:
Հայա Թահրիր ալ-Շամը նույն Ջաբհաթ ալ-Նուսրա կառույցն է, որը 2012 թ. դեկտեմբերին ԱՄՆ պետդեպի կողմից որակվել է որպես ահաբեկչական:
Սակայն Ջաբհաթ ալ-նուսրա-ն, որն ալ-Կաիդա-ի ճյուղավորումն է Սիրիայում, անընդհատ փոխում է իր անունը: 2016 թ. հուլիսին այն վերանվանվեց Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ, իսկ արդեն 2017 թ. սկզբից՝ Հայա Թահրիր ալ-Շամ, մինչդեռ ԱՄՆ պետդեպի հաղորդագրություններում կառույցը դեռևս անվանվում է Ջաբհաթ ալ-Նուսրա:
Հիշյալին արձագանքել են արդեն Հայա Թահրիր ալ-Շամի առաջնորդները, մասնավորապես ալ-Մուհայսինին, ով իր ուղերձներում գոհունակություն է հայտնում ստեղծված իրավիճակից և կոչ է անում բոլոր իսլամականներին (ինչպես արևմտյան երկրներում գտնվող (ԱՄՆ, Կանադա և այլն), այնպես էլ հենց Սիրիայում գտնվող) գալ և անդամակցել Հայա Թահրիր ալ-Շամին, որը դեռևս ահաբեկչական չի բնորոշված:
Հայա Թահրիր ալ-Շամն ամենավտանգավոր կառույցն է Սիրիայում: Կառույցի հիմնական կայանատեղին Իդլիբ նահանգն է, որի զգալի հատվածը գտնվում է իր վերահսկողության տակ: Նահանգում գտնվող մոտ 40 անցակետերից 30-ը այդ կառույցին է պատկանում: Բացի դա, Հայա Թահրիր ալ-Շամին է պատկանում նաև թուրք-սիրիական սահմանին գտնվող Բաբ ալ-Հաուա անցակետը, որտեղից Թուրքիայից լուրջ աջակցություն է գալիս:
Սարգիս Գրիգորյան