20:18
«Թող ներվի, բայց վախկոտներին «չի հասնում» երջանիկ լինել». Սպարտակ Սեյրանյան

«Կարդում եմ Ֆրանսիայի նորընտիր նախագահի ու նրա` իրենից քսանհինգ տարի մեծ տիկնոջ մասին գրառումները… Ուշագրավ է հետևել, թե ոմանք ինչպես են վերաբերվում նրանց, ովքեր արել են մի բան, որն անելու ցանկություն իրենք էլ են ունեցել, հիմա էլ ունեն, բայց դա անելու համարձակություն չեն ունեցել, չունեն ու չեն էլ ունենա: Ու հենց այդ պատճառով էլ դա չեն արել ու չեն էլ անի երբևէ (խոսքը միայն իրենցից տարիքով շատ մեծ կամ փոքր զույգ ունենալուն չի վերաբերվում):

 

Փոխարենը նրանք «համարձակ» կերպով կծաղրեն, կքննադատեն, կփնովեն, կբամբասեն, ավելին` նույնիսկ կմեղադրեն ու կդատապարտեն նրանց, ում համարձակությունը հերիքել է անել այն, ինչ ուզում են, ովքեր իրենց կյանքն ապրում են իրենց սրտի թելադրանքով ու բնավ չեն մտահոգվում, թե այլոք ինչ կարծիք ունեն իրենց կյանքի ու երջանկության մասին: Վախկոտներն այդ կերպ փորձում են արդարացնել ու հիմնավորել իրենց թուլակամությունը, համարձակության պակասը, նրանք այդպես թաքնվում են իրենց իսկ հորինած «հասարակական կարծիքի» հետևում:

 

Շատերին գիտեմ` տարբեր տարիքի թե տղամարդ, թե կին (այդ թվում` քաղքենիական «գնահատականների» հեղինակներից), որ չեն գնում իրենց երջանկության հետևից` բացառապես շրջապատի բամբասանքներից ու «հեղինակավոր» կարծիքներից խուսափելով: Թող ներվի, բայց վախկոտներին «չի հասնում» երջանիկ լինել: Նրանք պետք է «բավարարվեն» այլոց երջանկությանը նախանձելով»:

 

Սպարտակ Սեյրանյան 

 

 

 
Առաջարկում ենք նաև
Լրահոս