Մերօրյա աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները դժվար է թերագնահատել, իսկ դրանցից օգտվելու իրողությունը նաև օբյեկտիվ անհրաժեշտություն է դարձել, ընդ որում, հանրային կյանքի բոլոր բնագավառների պարագայում: Բնականաբար, նաև քաղաքականության մեջ, անգամ մեծ քաղաքականության մեջ դրանք շատ հաճախ ծառայեցվում են՝ որպես ընտրողի կամ հանրության հետ երկխոսելու այլընտրանքային եղանակ: Դիցուք, սոցիալական ցանցերի գործոնը, որը շատ քաղաքական գործիչների, անգամ պետությունների ղեկավարների համար, պայմանավորված երկրի բնույթով, վերածվել է վերահսկվող կամ անկախ լրատվական դաշտի հետ մրցակցելու, անգամ պայքարելու բավական լուրջ ու հաջողված գործիք:


Օրինակները բազմաթիվ են, ասենք՝ ԱՄՆ-ի նախագահ Դ.Թրամփի դեպքը: Աշխարհի թիվ 1 գերտերության առաջնորդը նաև ամերիկյան բազմաթիվ լրատվամիջոցների կողմից իր դեմ հայտարարված բոյկոտին, հաճախ նաև «տեղեկատվական պատերազմին» փորձում է դիմագրավել հիմնականում Twitter սոցիալական ցանցի միջոցով՝ սեփական տեսակետները հանրությանը հասցնելով հաճախ լրատվականների մեկնաբանությունից տրամագծորեն տարբեր բովանդակային գրառումներով:


Թրամփից բացի, շատ ավելի ուշագրավ օրինակ է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեպքը, ով ԶԼՄ-ների հետ մրցակցությունը փորձում է հաղթահարել ֆունկցիոնալ առումով շատ ավելի լայն գործիքակազմ ապահովող Facebook սոցիալական ցանցի միջոցով: Մասնավորապես, իսրայելական լրատվադաշտի կողմից վարչապետի գործունեության ուղղակիորեն շրջանցմանը, կամ նրա հետ կապված տեղեկատվության նկատմամբ ընտրողական վերաբերմունքին Նեթանյահուն առավել հաճախ պատասխանում է Facebook-ի Live հավելվածի կիրառմամբ՝ իր գործունեության անտեսված մանրամասները, ինչպես նաև երկրում առկա բազմաթիվ դրական երևույթներ ներկայացնելով հանրությանը:

Որպես օրինակ, հատկապես վերջին կես տարվա ընթացքում իսրայելական ԶԼՄ-ներն առավելապես լուսաբանում էին երկրի ղեկավարի և նրա ընտանիքի հետ կապված կոռուպցիոն գործերին առնչվող զարգացումները, բազմաթիվ այլ խնդիրներ, քան վարչապետի պաշտոնական գործունեությունը: Դրան ի պատասխան՝ տևական ժամանակ հատկապես առաջատար հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումների ժամերին գրեթե ամենօրյա ֆեյսբուքյան «ուղիղ եթերների» միջոցով Նեթանյահուն հանրությանը պատմում էր լրատվամիջոցների կողմից անտեսված իր գործունեության կարևոր մանրամասների և ձեռքբերումների մասին. ընդ որում, Նեթանյահուի յուրաքանչյուր «ուղիղ եթերի» լսարանը կազմում է 120-150 հազար ֆեյսբուքյան օգտատեր: Ի դեպ, նույն կերպ իսրայելական ԶԼՄ-ները հաջողությամբ շրջանցել էին նաև անցյալ տարեվերջին Նեթանյահուի՝ Ադրբեջան և Ղազախստան կատարած այցերը, և Իսրայելի վարչապետը ստիպած էր վերոնշյալ «պատմական այցերի» նշանակությունը հանրության համար պարզաբանել Facebook-ի սեփական էջում տեղադրված հատուկ տեսաուղերձի միջոցով:


Վերոնշյալի համատեքստում Իսրայելում անգամ կատակում են, թե Նեթանյահուն հիմնել է սեփական հեռուստաալիքը Facebook-ում՝ «Բիբի լուրեր» անվանումով(Բիբին Նեթանյահուի մականունն է), կամ Facebook Live հավելվածը հաճախ անվանում են նաև «Բիբի TV»:
Բնականաբար, տեղեկատվական դաշտի և սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները չեն շրջանցել նաև հայաստանյան քաղաքական դաշտը: Մեր երկրի ներքաղաքական կյանքում հատկապես վերջին 3 ամիսների ընթացքում ծավալվող բուռն ընտրական գործընթացներում սոցիալական ցանցերի և հատկապես Facebook–ի ընձեռած հնարավորությունները փորձում են օգտագործել դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներ: Այս հարցում, թերևս, առավել արդյունավետ են գործում ԵԼՔ դաշինքի անդամները և հատկապես նրա առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը, ում կողմից տարբեր խնդիրների հետ կապված ֆեյսբուքյան «ուղիղ եթերում» պարբերաբար հայտնվելու իրողությունը հաճախ տպավորություն է ստեղծում մեզանում նոր այլընտրանքային լրատվամիջոցի, իսրայելական օրինակի տրամաբանությամբ, «Նիկոլ TV-ի» գործունեության մասին:

 

Արմեն Պետրոսյան