Ղազախստանը վերականգնել է նավթի արտահանումը Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղով։ Այդ մասին Trend–ին հայտնել են Ղազախստանի էներգետիկայի նախարարությունից։
«2017թ.–ին Ադրբեջանի տարածքով'Բաքու–Թբիլիսի–Ջեյհանով տեղափոխվել է 90.000 տոննա նավթ»,–նշել են նախարարությունում։
Ղազախստանն այդ խողովակաշարով նավթ չի արտահանել սկսած 2015թ.–ից։

 


Ռազմավարական երկու կարևոր նախագծերի' ղազախական Նուրլը ժոլի և Տնտեսական Մետաքսի ճանապարհի կարևոր հատման կետը' տարանցիկ–տրանսպորտային միջանցքների և լոգիստիկ կենտրոնների ստեղծումն է։ Շահագործման է հանձնվել Կուրիկ նավահանգստում նոր լաստանավային համալիրը, որը նախատեսված է նավթամթերքներ, ցորեն տեղափոխելու համար Կասպյան երկրներ։ Բացի այդ, երեք տերմինալ է բացվել Աքթաու նավահանգստում։ Վերոնշյալը Ղազախստանին հնարավորություն է տալիս ավելացնել իր տրանսպորտային հոսքերն ու զարգացնել իր տարանցիկ ներուժը։ Այժմ Աստանան կարող է ապրանքներ արտահանել ոչ միայն ՌԴ–ի տարածքով, այլ նաև Տրանսկասպյան միջանցքի, որը ներառում է Աքթաու նավահանգիստը, Բաքվի նավահանգսիտը, Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծն ու Վրաստանի ու Թուրքիայի տարածքները։

 


Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Բեյբիթ Իսաբաևը հայտարարել է որ Ադրբեջանի տարածքով անցնող կովկասյան ուղղությունը թույլ կտա Ղազախստանի դուրս գալ եվրոպական շուկաներ։ Իր հերթին Ղազախստանն Ադրբեջանի համար ճանապարհ է բացում դեպի Կենտրոնական Ասիա ու Չինաստան։
Այս պահին Ղազախստանում գործում է ադրբեջանական կապիտալով ավելի քան 700 ձեռնարկություններ, իսկ Ադրբեջանում ղազախական կապիտալով'մոտ 60։
Ադրբեջանն ու Ղազախստանը կառուցում են նոր նավթամուղ՝Եսկենե-Կուրիկ-Բաքու՝739 կմ երկարությամբ: Այդ մասին նշված է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևի հոդվածում:Նրա խոսքով, Ղազախստանն ունի հանքային մեծ ռեսուրսներ, որոնք կազմում են 5,5 միլիարդ տոննա նավթ ու 3 տրիլիոն խմ գազ:

 


Ադրբեջանա-ղազախական տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային միջանցքի ստեղծմամբ կենսականորեն հետաքրքրված է նաև Անկարան:
Թուրքիան և Ղազախստանը ստեղծել են համատեղ կոնսորցիում, որի մեջ ընդգրկվել են նաև Վրաստանն ու Ադրբեջանը, որպես տարանցիկ երկրները՝Սև ծով-Կասպից ծով ուղղության վրա՝թուրքական ապրանքները այդ թվում Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծով, այնուհետև Բաքու-Աքթաու ու Բաքու-Կուրիկ լաստանավային փոխադրումներով ասիական շուկաներ հասցնելու համար՝Մետաքսի ճանապարհի շրջանակներում:
Թուրքիայի համար, ինչպես նաև Ղազախստանի, ռազմավարական նշանակություն ու դեր ունի նաև Ադրբեջանը, որպես տարանցիկ երկիր՝Բաքուն իր տրանսպորտային-էներգետիկ ենթակառուցվածքներ է տրամադրում թե Անկարային՝Կենտրոնական Ասիա դուրս գալու համար, ինչպես նաև Աստանային՝ՌԴ-ը շրջանցող, այլընտրանքային ճանապարհով կասպյան Աքթաու ու Կուրիկ ղազախական նավահանգիստներով ապրանքներ, էներգակիրներ դեպի Արևմուտք՝Թուրքիա, սևծովյան երկրներ, ԵՄ արտահանելու համար:
Այս առումով ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ռազմավարական առանցքը, որի բաղկացուցիչ տարրեն են լինելու Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծն, ու Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքն՝ի հավելում Պեկինի կողմից ակտիվորեն առաջ մղվող Մետաքսի ճանապարհի:

 


Վերոնշյալ երկրներին կապում է պանթուրքիստական, պանիսլամական գաղափարախոսությունն ու պրագմատիկ, տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը: Ղազախստանը ձգտում է ՌԴ-ի ազդեցությունը հավասարակշռել մի կողմից Չինաստանով, իսկ մյուս կողմից եղբայրական՝կրոնի ու ծագման առումով Թուրքիայի օգնությամբ: Ադրբեջանն այս պարագայում լինելով Կասպյան երկիր իր տարանցքն է տրամադրում եղբայրական Ղազախստանին՝տարանցման համար ստանալով ինչպես տնտեսական օգուտներ՝դառնալով Արևելք-Արևմուտք միջանցքի կարևոր օղակը:

 


Բացի այդ, Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի և Ղազախստանում կառուցվող Կուրիկ նավահանգստի միջև գործելու են նոր լաստանավային փոխադրումներ:Նախատեսվում է Կուրիկում՝Բաքվի նավահանգստի նման ազատ տնտեսական գոտի ստեղծել, իսկ այդ նոր ղազախական նավահանգիստն օրը սպասարկելու է մինչև հինգ լաստանավ, այսինքն տարեկան չորս միլիոն տոննա բեռ:

 


Ակտիվ են կապերը նաև գյուղատնտեսական ոլորտում՝ Ղազախստանը 2016-2017 թթ.-ին նախատեսում է ավելացնել Ադրբեջան ցորենի արտահանումն՝ այն հասցնելով 100 հազար տոննայի: Իր հերթին, Ադրբեջանը մինչև այս տարվա ավարտ Ղազախստանի Մանգիստաուտյան նահանգում շահագործման է հանձնելու լոգիստիկ կենտրոն, որը կառուցվելու է «Azersun Holding»-ի կողմից:

 


Աքթաու նավահանգստում կառուցվող այդ կենտրոնը նախատեսված է տարբեր ապրանքներին, մասնավորապես մրգերի ու բանջարեղենի պահեստավորման համար, որոնք հետագայում վաճառվելու են Ղազախստանում: Այդ կերպ, Աստանան ու Բաքուն ապրապնդում ու նոր շունչ են տալիս Կասպյան տրանսպորտային միջանցքին:

 

Արտյոմ Բալասանով