Ես՝ որպես լրատվամիջոցի գլխավոր խմբագիր ու մեդիայի ներկայացուցիչ, ցանկանում եմ սոլիդարությունս հայտնել Պետրոս Ղազարյանին, ում, ի դեպ, անձամբ չեմ ճանաչում ու անձնական շփում երբեք չեմ ունեցել։ Ես համարում եմ, որ Զարուհի Փոստանջյանի հետ կապված վերջին միջադեպը անթույլատրելի է ու դատապարտելի։

 

Տարակուսանք է առաջացնում հարաբերական պասիվությունը, որով ընկալվեց այս լուրը։ Եթե Պետրոսին կամ էլ մեկ այլ լրագրողի անձնական բնույթի վիրավորանք հասցներ ոչ թե ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանը, այլ, ենթադրենք, Թոխմախի Մհերը, Շմայսը, Նովոն, գեներալներից մեկը կամ էլ գործադիրի բարձրաստիճան ներկայացուցիչ, մեդիա դաշտը առաջիկա մի երկու օրը ողողված կլիներ այդ պետական այրի սուր քննադատությամբ։ Իսկ ի՞նչ տարբերություն, թե ով է վիրավորում լրագրողին՝ Թոխմախի Մհե՞րը, թե՞ Զարուհի Փոստանջյանը։ Թե՞ միևնույն երևույթը երկակի չափորոշիչներով է դատվում՝ կախված անձի կուսակցական պատկանելությունից ու քաղաքական նախասիրություններից։

 

Քաղաքացիներն ու առավել ևս քաղաքական գործիչներն իրավունք չունեն անպատիժ վիրավորելու դիմացինին։ Առավել ևս սխալ է անել դա լրագրողի հանդեպ։ Սա աքսիոմատիկ իրականություն է։ Եղած նախադեպերն էլ պետք է սուր գնահատականի արժանանան, և ունենք նախադեպեր, երբ այդպես էլ եղել է, թե չէ, հարգելի՛ կոլեգաներ, կստացվի հայտնի պատմությունը այն մարդու մասին, ով լռում էր, երբ ձերբակալում էին կոմունիստներին, լռում էր, երբ ձերբակալում էին դեմոկրատներին, լռում էր, երբ ձերբակալում էին բոլոր մյուս այլախոհներին, իսկ երբ եկավ իր ձերբակալվելու պահը, այլևս մարդ էլ չէր մնացել, որ աղաղակեր այդ մասին ու ընդվզեր դրա դեմ։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան