Ֆրանսիայի այս ընտրությունները սարսափեցնող էին ոչ այնքան իրենց արդյունքներով, որքան նրանով թե որքան մակերեսային, պրոպագանդված և լվացված ուղեղներով տրամանբանությամբ են առաջնորդվում ֆրանսիացիների մի զգալի մաս և դրսի օտարազգիների՝ իրենց ժողովրդավար երևակայողների հսկայական զանգվածներ:
Մեկնաբանությունների և արտահայտվող կարծիքների գերակշիռ մեծամասնությունը առաջ է բերում խղճահարություն, որովհետև սկսում ես հասկանալ, որ մարդկանց մեծամասնությունը դատում է հեռուստաեթերից իրենց մատուցվող պիտակներով և կեղծ պրոպագանդայով:

 

Ու մինչդեռ հայ լսարանն առավել ներողամիտ վերաբերմունքի է արժանի՝ քանի որ ո՛չ ֆրանսերեն է խոսում, ո՛չ էլ մեծ հաշվով տեղյակ է Ֆրանսիայի իրականությունից՝ ֆրանսիական այսօրվա հեռուստաեթերը սարսափեցնող էր: Որքան մարդ և քաղաքական գործիչ ու վերլուծաբան Ֆրանսիայում չի պատկերացնում սեփական երկրում ստեղծված իրականությունը և դեռևս ապրում է մի աշխարհում, որը վաղուց այլևս գոյություն չունի:

 

Եվ՝ վերջում. Մակրոնի այս հաղթանակը այսպես կոչված «ծայրահեղ աջ ուժերի» հինգ տարի հետո կանխատեսելի հաղթանակի պատվանդանն է: Այս հինգ տարիների ընթացքում Ֆրանսիան անխուսափելիորեն նոր ապացույցներ կստանա այն բանի, որ աշխարհը փոխվել է, և հետպատերազմական եվրոպական հայեցակարգերն այլևս իսպառ սպառել են իրենց: Ընդդեմ և ոչ հանուն քվեարկելով՝ ֆրանսիացիների քաղաքական հեռանկարը բավական մշուշոտ կարող է լինել:

 

Իսկ մինչ այդ, ցավոք սրտի, ցնցումները կահագնանան ...

 

Հ.Գ. Խնդրանք մեր հայրենակիցներին. եթե չեք ուզում դիլետանտ, բայց ամուր կարծիք ունեցող երևալ՝ ձեռնպահ մնացեք մեկնաբանություններից: Մեծ շանսեր կան, որ մոլորյալ մտքեր եք արտահայտում: Այս հարցում լռույթունը ոսկի է:

 

Հայկ Մարտիրոսյան