Վրաստանի խորհրդարանը իր աշնանային նստաշրջանում քննարկելու և քվեարկելու է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ի թիվս բազմաթիվ փոփոխությունների' Մայր օրենքում կա ևս մեկ նոր դրույթ, որը շատ կարևոր է ջավախքցիների և Վրաստանի այլ շրջաններում ապրող հայերի համար. խոսքը վերաբերում է երկքաղաքացիության ինստիտուտի ներդրմանը:

 


Ըստ սահմանադրական փոփոխությունների նախագծի՝ այլևս չկա որևէ սահմանափակում, որ Վրաստանի քաղաքացիները չեն կարող միաժամանակ լինել այլ երկրների քաղաքացի: Նախագծում հստակ նշված է, որ Վրաստանի քաղաքացիները այլ երկրների քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չեն զրկվի Վրաստանի քաղաքացիությունից: Սահմանադրական փոփոխությունների նախագծն արդեն ուղարկվել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով (Վենետիկի հանձնաժողովի)՝ փորձաքննության:

 

Նախագծի ընդունումից հետո Վրաստանի իշխանություններին մնում է մշակել պարզեցված ընթացակարգ և տրամադրել քաղաքացիություն նրանց, ովքեր նախորդ տարիների ընթացքում այլ երկրի քաղաքացիություն ստանալու հետևանքով զրկվել էին Վրաստանի քաղաքացիությունից: