Հարգելի′ գործընկերներ,
սիրելի′ համաքաղաքացիներ,

 

Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքի հարևանությամբ գտնվող Վահագն Դավթյանի անվան զբոսայգում հատված ծառերի վերաբերյալ սոցիալական ցանցում քաղաքացի Գոհար Աբաջյանի հնչեցրած մտահոգության հետ կապված, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ մայթեզրի ծառերի հատումը իրականացվել է Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման ընկերության կողմից՝ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության դրական եզրակացության հիման վրա:

 

Մինչ տվյալ ծառերի հատումը տեղում կատարվել է տեղազննում, որի արդյունքում պարզվել է, որ զբոսայգու հարակից մայթեզրում առկա թվով երեք բարդիների բնամասերն ամբողջությամբ փտած են, ծառերը գտնվում են խիստ վթարային վիճակում և հնարավոր է տվյալ ծառերի տապալման վտանգ:

 

Ըստ այդմ, անվտանգության նկատառումներից ելնելով, բոլոր ագրոկանոններին համապատասխան իրականացվել են նշված ծառերի հատման աշխատանքները:
Ի դեպ, քաղաքացու կողմից հրապարակված լուսանկարները ևս ակնհայտ փաստում են, որ հատված ծառերն, իսկապես, եղել են փտած:

 

Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ վերոնշյալ այգին, որը բարեկարգվել է Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրով, գտնվում է մեր մասնագետների մշտական հոգածության ներքո և հատված ծառերի փոխարեն էլ, հերթական ծառատունկի շրջանակում, Արաբկիր վարչական շրջանի համապատասխան ծառայության կողմից կտնկվեն նոր ծառեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն