Մեծամասնական ընտրված պատգամավորների ինքնաբացարկների սկանդալը երկակի զգացողություններ է առաջացնում առնվազն ինձ մոտ։ Մի կողմից՝ տարկուսանք ու ինչ-որ տեղ՝ նաև դժգոհություն առաջացնող երևույթ է, իսկ մյուս կողմից՝ օրինաչափ ու անկարևոր։
Դիցուք՝ ես Նապոլեոն Ազիզյանի ընտրատարածքից էի ու քվերակել էի նրա օգտին, որովհետև իրոք խիստ հիանում եմ այդ մարդու գործերով ու անպայմանորեն հենց իրեն եմ ուզում տեսնել Խորհրդարանի նոր կազմի մեջ։ Ընտրությունները լինում են, իմ սիրելի Նապոլեոնը հաղթում է իր «Աուստերլիցի ճակատամարտը» և ես ուրախանում եմ, որ իմ թեկնածուն հաղթեց։ Մեկ էլ անցնում է որոշ ժամանակ ու ալե՜-հոպ՝ իմ թեկնածուն դուրս է մնում խորհրդարանից։ Ու դեռ դա էլ հերիք չէ, պնդում է, որ ինքը ինքնաբացարկի դիմում չի էլ գրել ու այդ որոշումը, փաստորեն, ավտորիտար կառավարման լավագույն ավանդույթների համաձայն՝ կայացվել է միանձնյա ու հաշվի չառնելով էլէկտորատի կարծիքը։ Սա վրդովվեցնող է, որովհետև այս ընտրությունները ի թիվս այլ բաների, շատ հստակ ցույց տվեցին մի բան․ կուսակցությունները՝ ինքնին, քաղաքական կշիռ չունեն, մարդիկ քվեարկում էին այնպես, ինչպես քվերակում էին, հիմնականում մեծամասնական թեկնածուների ջանքերի/ռեսուրսների հաշվին։ Դա է վկայում պարզապես կուսակցությունների օգտին քվերակությունների աննշան թիվը։
Ստացվում է, որ նման հիպոթետիկ սցենարում ինձ հիմարացրեցին ու իմ վստահությունը չարաշահեցին, իսկ ընտրության արդյունքները էլ արդար չեն ընկալվում իմ կողմից։ Եթե կուզեք՝ ինձ խոստացան Կոկա-Կոլա, բայց տվեցին կոկա-կոլայի շշի մեջ լցրած էժան տանձի լիմոնադ։
Մյուս կողմից էլ ու արդեն առանց դիցուքի, ինձ համար խորապես անհասկանալի է, թե ինչպես Նապոլեոն Ազիզյանը կարող է ընտրվել պատգամավոր։ Կոնկրետ իր անունն էլ նշում եմ պարիտետի ու արդեն քննարկվող օրինակի սուբյեկտ լինելու պատճառով։ Եթե մեր հասարակության մի մե՜ծ շերտ այնքան անբծախնդիր է, որ հազարավոր մարդիկ պատրաստ են ու քվեարկում են Նապոլեոնների (այստեղ կարող են լինել բազմաթիվ այլ անուններ՝ էքսցենտրիզմի սանդղակով դույզն ինչ չզիջող նշվածին), ապա ինչո՞ւ պետք է քաղաքական ուժը, կամ ավոտրիտար անհատը հաշվի նստի այդ էլեկտորատի ընտրության ու նախասիրությունների հետ։ Ինչպես ասվում է՝ кто заказывает, тот и танцует девушку։ Ու որ հենց սա է մեր աներկբա իրականությունը, կարծում եմ ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնում։ Ուստի ամբողջ աղմուկը այս թեմայի շուրջ փոթորիկ է մեկ բաժակ ջրում, որովհետև անկախ նրանից, թե այդ պայմանական Նապոլեոնը կստանա՞ իր մանդատը, թե՞ կզիջի, խնդիրը չի լուծվելու, քանի դեռ էլեկտորատի քաղաքացիական ինքնագիտակցության մակարդակը չի բարձրացել, իսկ դա մոտ ապագայում անհնար տեսլական է։ Չե՞ք հավատում։ Դե կհաշվեք, թե նույն Նապոլեոնին քվերակած հազարավոր մարդկանցից քանիսը դուրս կգա փողոց՝ իր ընտրության իրավունքը պաշտպանելու մղումից դրդված։
Կոնստանտին Տեր-Նակալյան