Ես գտնում եմ, որ Լավրով-Մամեդյարով-Նալբանդյան ձևաչափով անցկացված մոսկովյան վերջին հանդիպումը միայն մեկ գործնական նպատակ է ունեցել՝ թեկուզ արտգործնախարարների մակարդակում, բայց վերսկսել ուղիղ բանակցությունները Երևանի ու Բաքվի միջև՝ առանց վերջինիս կողմից շփման գծում փոխվստահության լրացուցիչ միջոցների և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման: Մեծ հաշվով, կարելի ասել, որ այս հանդիպման շնորհիվ Ադրբեջանը պարոն Նալբանդյանի միջոցով ստացավ անուղղակի պաշտոնական հավաստիացումն առ այն, որ վերոհիշյալ պայմանավորվածությունների կատարումը բանակցությունները վերսկսելու համար այլևս դադարել է Երևանի համար պարտադիր նախապայման լինելուց: Այսինքն՝ առաջնագծում հայկական կողմից հրադադարի պայմաններում անընդհատ նոր զոհեր խլելու ադրբեջանական քաղաքականությունը այսպիսով Հայաստանի իշխանությունների կողմից խրախուսվեց:
Արման Մելիքյան