Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը շահագործման է հանձնվելու հունիսին վերջին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը։
Նա նշել է, որ ԲԹԿ–ի միջոցով Չինաստանից, Ղազախստանից ու Թուրքմենստանից ապրանքները տարանցվելու են Եվրոպա'Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի տարածքով։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն վերջերս հայտարարել էր, որ Անկարան աշխատանքներ է իրականացնում Թուրքիա–Ադրբեջան–Ղազախստան եռակողմ ֆորմատ ստեղծելու ուղղությամբ։
Վերջերս, Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի երկաթգծերի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել մրցակցային սակագներ բեռնափոխադրումների համար:Երեք երկրների երկաթգծերի ղեկավարներն Աստանայում հանդիպել են Ղազախստանի բեռնափոխադրողների, խոշոր օպերատորների ու բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների հետ:Քննարկվել են բեռների փոխադրման փոխշահավետ պայմանները:
Խոսքը գնում էր մետաղների, ցորենի, նավթամթերքների կոնտեյներային փոխադրումների սակագների իջեցման մասին՝Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով դրանք փոխադրելու ժամանակ:
Ադրբեջանի երկաթգծերի ղեկավարի տեղակալ Իգբալ Հուսեյնովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են լավ պայմաններ առաջարկել ապրանքների տեղափոխման համար:Իրենք ուղիղ երկաթգծային կապ են բացում Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա:
Ադրբեջանա-ղազախական քաղաքական, տնտեսական կապերը միշտ էլ եղել են բարձր մակարդակի վրա՝երկու երկրները թյուրքախոս երկրների կազմակերպության անդամ են, Կասպից ծովում հարևաններ են, իսկ Ադրբեջանը Ղազախստանի համար այլընտրանքային ուղի է Կովկաս, Թուրքիա և Եվրոպա դուրս գալու համար այդ թվում նոր թափ հավաքող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի օգնությամբ, որն անցնելու է Չինաստան-Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության վրա:
Այս պահին այդ ուղղությամբ ակտիվ բեռնափոխադրումներ են կատարվում՝Բաքվի նավահանսգտի ու ղազախական Աքթաու նավահանգստի միջև՝այդ քաղաքում ադրբեջանական կողմը ստեղծել է համապատասխան պահեստներ՝իր գյուղատնտեսական և այլ ապրանքները ղազախական և կենտրոնականասիական շուկաներ արտահանելու համար: Ղազախստանին ձեռնտու է Ադրբեջանի հետ առևտրա-տնտեսական կապերի ընդլայնումը՝ՌԴ-ից անկախ նոր լոգիստիկ հնարավորություններ ունենալու համար արևմտյան ուղղությամբ:
Ադրբեջանը ցանկանում է դառնալ Թուրքիան ու Կովկասը մի կողմից, իսկ մյուս կողմից՝ Չինաստանն ու թյուրքախոս Կենտրոնական Ասիան կապող տրանսպորտային միջանցքի կապող օղակներից մեկը: Դա հնարավորություն կտա քաղաքական դիվիդենտներին զուգահեռ ստանալ կոնկրետ, ֆինանսական օգուտներ՝փոխադրումների, տարանցման, լոգիստիկ ծառայությունների համար գումարներ գանձել:
Բաքուն աստիճանաբար փորձում է նավթ արտահանող երկրից վերածվել նավթի, գազի, տրանսպորտային այլ լոգիստիկ ծառայություններ տրամադրող տարանցիկ միջանցքի՝նվազեցնելով միակողմանի նավթագազային կախվածությունն ու բյուջեն համալրելու նոր տարբերակներ գտնել: Վերջերս էլ Ադրբեջանը, ՌԴ-ը և Իրանը պայմանավորվեցին օպերատիվ կերպով կյանքի կոչել Հյուսիս-Հարավ միջանցքը, որը նույնպես անցնելու է Ադրբեջանով: Այդ երկիրը դառնում է Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ միջանցքների խաչմերուկ: Չմոռանանք, որ այս տարի գործարկվելու է նաև Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը։
Անկարայի ու Արևմուտքի շահերը Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան–Կենտրոնական Ասիա էներգետիկ–տրանսպորտային միջանցք կառուցելու առումով համընկնում են, իսկ այդ միջանցքն էլ շրջանցելու է ՌԴ–ին ու նրա հարավկովկասյան դաշնակից ՀՀ–ին։
Թյուրքական այդ միջանցքի միջոցով Անկարան տնտեսական–քաղաքական էքսպանսիա կիրականացնի Կենտրոնական Ասիայում, իսկ ղազախա–ադրբեջանական տանդեմը կկարողանա իր էներգակիրները’ՌԴ–ը շրջանցելով արտահանել եվրոպական շուկաներ և Թուրքիա։
Տրանսկասպյան միջանցքը’Չինաստան–Ղազախստան–Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա ուղղությամբ Անկարայի ու Արևմուտքի համար դառնում է աշխարհաքաղաքական և տնտեսական գերակայություն’կենրոնական ասիական և կասպյան էներգակիրները Եվրոպա հասցնելու, ինչպես նաև Չինաստանի հզոր շուկա դուրս գալու առումով։
Արտյոմ Բալասանով