«Կոնֆլիկտներ ունեմ սկեսուրիս հետ՝ կրծքով կերակրելու (կկ) թեմայով. ի՞նչ անել»՝ հավերժ ակտուալ հարց-պատասխան մամաների համար: :)

-Ապրում եմ Ֆրանսիայում, երեխաս էստեղ է ծնվել: Հիվանդանոցում հերթապահ բուժքույրը եկավ ու երեխայի լացը որպես քաղց պատճառաբանեց, անցանկալի համարեց քաշի կորուստն ու լրացուցիչ կերով կերակրեց: Ես, վախեցած, որ իսկապես կաթս քիչ է, ոչինչ չասացի: Սկեսուրս, բնականաբար, կողմ էր, և այդպես ամեն օր սկսեցի երկու անգամ լրացուցիչ կաթ տալ: Բուժքույրերից շատերն ասում էին՝ կարիք չկա, պետք է ուղղակի շատ հաճախ կերակրել (ըստ պահանջի): Բայց էդպես ստացվում էր, որ երեխան ամբողջ օրը կրծքի վրա էր: Արդյունքում՝ կոնֆլիկտներ սկեսուրիս հետ, ով համոզում էր ամուսնուս, որ երեխան սոված է մնում առանց լրացուցիչի, երկար չի քնում, ռեժիմ չունի և այլն:
Հիմա երեխան 2 ամսական է, շարունակում եմ օրվա մեջ 3-4 անգամ կկ-ից հետո լրացուցիչ տալ: Երեխան 3-4 րոպե ակտիվ ծծելուց հետո ագրեսիվանում է, ինչից վախենում եմ, չգիտեմ՝ արդյոք ճիշտ է էդպես շարունակել կերակրելը: Շշով շատ ավելի հեշտ է: Ես ամեն կերակրելուց առաջ ու հետո սթրեսի մեջ եմ: Վախենում եմ՝ կաթս գնալով քչանա, երեխան հրաժարվի, ու ես ինձ «վատ մամա» զգամ: Ինձ թվում է՝ ես սխալ եմ ու ամեն օր ինձ մեղադրում եմ լրացուցիչ տալու համար:

-Ողջույն: Փորձեմ հերթով ձևակերպել կարծիքներս: Ոչ մի ասածս ուղեցույց չէ, բայց կարող է պետք գալ՝ որպես հաջողված փորձ:

*Սկսեմ վերջից. նախ՝ դադարեք ինքնաքրքրումը։ Դուք արդեն երեխա եք ունեցել, արդեն կերակրում եք նրան սեփական համով կաթիկով, մտատանջվում նրա համար: Այսինքն՝ արդեն իսկ վատ մամա չեք: Ուղղակի մի քանի կարևոր ինֆոյի չիմացություն է, ինչը շտկելի է:

*Հերթապահ բուժքույրը ճիշտ է եղել՝ երեխան քաղցից ու դիսկոմֆորտից է լացել: Երեխան կուրծք է ուզել, արհեստական տալ պետք չէր: Քաշի կորուստն ամենասկզբում միանգամայն նորմալ է: Մնացած բուժքույրերը ճիշտ էին՝ երեխային անընդհատ պետք էր կրծքին դնել, կաթ տալ: Ու բացարձակ նորմալ է, որ նորածին երեխան անընդհատ, անռեժիմ ու ըստ պահանջի գտնվի մամայի գրկում ու կրծքին: Երեխա ունենալիս սրան պետք է պատրաստ լինել թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:

*Սկեսուրը, ըստ իս, թելադրող է դարձել Ձեր չիմացության պատճառով: Ի՞նչ էր պետք անել: Պետք էր նրան ասել.
1. Կաթն ավելանում է այնքան, որքան երեխան ծծում ու քաշում է: Այսինքն՝ առանց արհեստական կաթ կամ ջուր տալու անընդհատ կրծքին դնելու դեպքում երեխան կքաշի այնքան, որքան իրեն պետք է կշտանալու համար: Մի անգամ՝ 10 րոպե, հետո՝ 40 րոպե, հետո՝ 15 րոպե. երբ որքան ուզի, ամեն օր:
2. Մինչև 4-5 ամսական, որպես կանոն, չկա քնելու, կկ ուտելու ռեժիմ: Ամեն ինչ ըստ պահանջի է:
3. Արհեստական կաթ կամ ջուր ավելացնելու դեպքում, որպես կանոն, մայրական կաթը քչանում է, հետո՝ անհետանում:
4. Երեխան մինչև 6 ամսականը ֆիզիոլոգիական ու հոգեբանական պահանջմունք ունի գտնվելու մոր գրկում, կրծքին ու ծոցում: Նա չի ընկալում սեփական մարմինը մամայից զատ: Այնպես որ, երեխան մշտապես գտնվելու է ինձ մոտ:

*Ի՞նչ է կատարվում հիմա: Երեխան կրծքի վրա ագրեսիվանում է, քանզի շշից կաթը հեշտորեն լցվում է նրա բերանը՝ առանց որևէ ջանք թափելու: Իսկ կրծքից քաշելը էներգիա է պահանջում: Կուրծք ուտելիս աշխատում են բերանի ապարատի ու դիմային տասնյակ մկաններ: Դա զարգացնում է երեխայի դեմքը, բերանը: Իսկ շշից կաթ քաշելիս ընդամենը 2-3 մկան է գործում, ինչը ծուլացնում է երեխային: Հիմա, եթե երեխան արդեն զգացել է, որ շիշն է հեշտ, ինչո՞ւ պիտի կուրծք ուզի: Սա տրամաբանական է:

*Ի՞նչ անել: Եթե իրոք ու շատ եք ուզում, դեռ ուշ չէ միայն կկ-ի անցնելու համար: Կարելի է խորհրդակցել ֆբ-ում ակտիվ կկ մասնագետներից, օրինակ, Astrid-ի հետ: Տեղեկանալ՝ ինչ մեխանիզմով է պետք վերացնել արհեստականն ու թողնել միայն կկ-ն: Սկեսուրին ցանկալի է վնասազերծել. իսկ դա հնարավոր է միայն գիտելիք ունենալով, հիմնավորելով: Առանց շատ էներգիա վատնելու նրա վրա, առանց նրան լուրջ ու ծանր տանելու: Այսպես եմ որոշել, այսպես է լավ, մասնագետն է ասել, ու վերջ: Շատ չխորանալով նրա հետ կոնֆլիկտներում, թե չէ տեղ չեք հասնի:

*Ու մի բան է պետք հիշել: Այս շրջանում սկեսուրին դիմակայելով՝ գուցե ժամանակավոր խնդիրներ ունենաք նրա հետ: Բայց գոնե երեխայի հետ խնդիր չի առաջանա: Որոշ ժամանակ անց սկեսուրի հետ կոնֆլիկտներն այլևս ակտուալ չեն լինելու. նա ծերանում է: Իսկ այ երեխայի հետ այսօրվա խնդիրները գնալով մեծանալու ու ավելի ակտուալ են դառնալու. երեխան աճում է: Ես, օրինակ, նախընտրում եմ դոմինանտ շեշտը երեխայի, այլ ոչ թե սկեսուր-մամա-բարեկամ-խորհրդատուների վրա դնել: Բայց, իհարկե, գիտելիքով զինված լինելու պայմաններում: Սեփական երեխայի մասին գիտելիք չունեցանք՝ մեզ «հում-հում կուտեն», ինչպես ասում են:

 

Լյուսի Քոչարյան