Ինչպես նշեցինք, ԱՀՊ-ից հետո աշխարհում տեղի ունեցան մի քանի պատերազմներ, որոնք կարելի է անվանել ռազմատեսական մտքի և սպառազինության ստուգման պատերազմներ, քաղաքական առումով էլ' ուժերի վերդասավորման պատերազմներ: Դրանք էին հիմնականում իսպանական պատերազմը, Ճապոնիայի նվաճողական գործողությունները, արևի երկրի դեմ ԽՍՀՄ-ի վարած կարճատև մարտական գործողությունները և ֆիննական պատերազմը: Դրանցից մասշտաբայնությամբ հատկապես աչքի է ընկնում վերջին պատերազմը:
... Ինչևէ, հպարտ ֆինները չհամաձայնեցին, և սկսվեց պատերազմ:

 


Խորհրդային ուժերը տարբեր տեխնիկաների քանակով ֆիննական ուժերին գերազանցում էին 5-ից մինչև մի քանի տասնյակ անգամներ: 1939թ. նոյեմբերին սկսվեցին մարտական գործողությունները: Ի սկզբանե ԲԳԿԲ-ի կորուստներն աննկարագրելի շատ էին: Ֆիննական բանակը վարում էր ոչ դասական, պարտիզանական պատերազմ' օգտագործելով արագ շարժումները' դահուկներով և հարվածները խորհրդային զորամիավորումների թևերին: Ըստ էության' մենք այստեղ կարող ենք դիտարկել ժամանակակից հիբրիդային պատերազմի տարրերը, քանի որ կիրառվում էին դասական և ոչ դասական բնույթի մարտական գործողություններ: Կարմիր բանակի ապահովումը կաղում էր լրջորեն, զորքերը միայն մարտերի 10-11-րդ օրն ստացան ձմեռային երկարաճիտք կոշիկները:

 

Հարձակումը շատ արագ կանգ առավ' վերածվելով դիրքային մարտերի: Հրամանատարները հանվում էին իրենց պաշտոններից, շատերը, բնականաբար, գնդակահարվում էին, ոմանք ինքնասպան եղան: Խորհրդային զորքերի մեջ սկսվեցին դասալքության դեպքերը: Հրամանատարությունն ստեղծեց պատժող ստորաբաժանումներ: Մեկ տարի անց նման ստորաբաժանումները կդառնան սովորական բան: Մարտ ամսի առաջին օրերին արդեն ուժերի հարաբերակցությունը կազմում էր 6-7:1, այն էլ' միայն կենդանի ուժի դեպքում:

 


Մինչև 1939թ. դեկտեմբերի 25-ը խորհրդային զորքերը հաղթահարում էին օպերատիվ գոտու արգելափակոցները և փորձեցին ընթացքից ճեղքել «Մաներհեյմի գիծը», սակայն խորհրդային 7-րդ բանակի հրամանատարությունը ռազմական գործողությունների կազմակերպման ժամանակ մի շարք կոպիտ սխալներ թույլ տվեց: Մասնավորապես՝ ճակատում ուժերը բաշխել էին գրեթե հավասարաչափ, ինչի հետևանքով մինչև դեկտեմբերի 12-ը բանակի զորամասերը կարողացան առաջանալ միայն 65կմ (5կմ/օր): Ռազմարվեստի տարրական պահանջները չէին կատարվում, ճեղքման համար անհրաժեշտ քայլեր չէին արվում, ու զորաշարժեր գրեթե տեղի չէին ունենում:
Պատերազմի սկզբում ռազմական գործողությունները ցույց տվեցին Կարմիր բանակի կազմակերպչական, նախապատրաստական, ռազմագործողության ու մարտի վարման գործում առկա սխալները: Օպերատիվ արգելափակման գոտում մարտ վարելու 1936թ. Խորհրդային կանոնագրքի պահանջները չէին համապատասխանում ռազմական գործողությունների' թատերաբեմի առանձնահատկություններով պայմանավորված դժվարին պայմաններին:

 

Հատկապես ակնառու էին զորատեսակների անբավարար փոխգործողությունները: Այսպես'
• Օդուժը գործում էր պաշտպանության խորքի նպատակակետերի ուղղությամբ և անմիջապես մարտադաշտում չէր աջակցում հետևակին:
• Հրետանին իր կրակի խտությամբ չէր համապատասխանում հակառակորդի պաշտպանությունը ճնշելու պահանջներին:
• Հրետանին կրակը վարում էր տարածքների, այլ ոչ թե հետախուզված թիրախների ուղղությամբ:
• Արգելափակոցներում տանկերի համար չէին նախապատրաստվում բավարար քանակությամբ անցումներ: Այսինքն' որպես ռեսուրս էին կիրառվում, որպեսզի պայթելով անցումներ բացեն հետևակի համար:

 


Այս ամենի հետևանքով հետևակը հաճախ ստիպված էր լինում գրոհել հակառակորդի պաշտպանության չճնշված հանգույցները' գրոհը սկսելով մեծ հեռավորություններից և դանդաղ տեմպով' դրանով իսկ դառնալով հեշտ խոցվող թիրախ ֆիննական հետևակի, դիպուկահարների և հատկապես հրետանու համար: Խորհրդային որոշ դիվիզիաներ անգամ սառույցների վրա սովահար եղան:
1940թ. հունվարի 7-ին (առաջին լուրջ անհաջողություններից հետո) բարձր հրամանատարությունը մեծ կազմակերպչական փոփոխություններ կատարեց, ստեղծվեց Հյուսիսարևմտյան ռազմաճակատը (8-րդ և 13-րդ բանակներ): Զորքը վարժեցվում էր ուսումնական հատուկ դաշտերում. ծանոթանում էին տեղանքին, մշակվում էին հատուկ հրահանգներ, որոնցով կառուցվում էին մարտակարգերը, սերտորեն համագործակցելու միջոցները: Առաջիկա հարձակումն ինժեներական և հետախուզական առումով մանրամասն նախապատրաստվեց: Գլխավոր հարվածի ուղղության վրա (40կմ ճակատով) կենտրոնացվեց ուժերի 60%-ը, հրետանու ավելի քան 2/3-ը: Դրանով ապահովվեց 2,5-4 գումարտակ/կմ և 40-70 միավոր հրետանի/կմ միջին խտություն: Բետոնե ամրաշինական կառույցները գրավելու համար ստեղծվում էին գրոհային խմբեր:

 

Կարմիր բանակը իր սխալներից հետո փորձում էր իրավիճակը շտկել և կատարում էր բավականին գրագետ նախապատրաստություն:
Հարձակումից հետո' փետրվարի 17-ին, «Մաներհեյմի գծի» գլխավոր գոտին ճեղքվեց շնորհիվ հրետանու գրագետ կիրառման, որը ղեկավարում էր հայազգի զորավար Պարսեղովը: Սակայն նահանջող ֆիննական զորքերի հետապնդման համար ստեղծված 2 շարժական խմբերը (մեկական տանկային բրիգադ և հրաձգային գունդ) չկարողացան առաջ անցնել և մարտեր էին վարում հրաձգային միավորումների հետ նույն գծում: Այսինքն' ճեղքելը հաջողվեց մի կերպ, սակայն լուրջ հաջողություններ չկարողացան զարգացնել նույնիսկ մարտավարական խորության վրա:

 


Մարտի 4-ին 70-րդ դիվիզիան Ֆիննական ծոցի սառույցների վրայով անսպասելի անցավ հակառակորդի թիկունքը և ռազմահենադաշտ գրավեց Վիբորգից հյուսիս-արևմուտք ընկած տարածքը: Զարգացնելով հաջողությունը' մարտի 13-ի գիշերը գրավվեց Վիբորգ ամրոցը: Պատերազմը մոտեցավ իր ավարտին:

 

Մարտի սկզբին կողմերը փորձեցին վարել բանակցությունների և ավարտել պատերազմը: Ֆինլանդիայի դեպքում դա հասկանալի էր, իսկ ԽՍՀՄ-ն իր հերթին խուսափում էր արևմտյան երկրների միջամտությունից, քանի որ նրանց կողմից աջակցությունը հետզհետե մեծանում էր: Տեղեկություններ կան, որ ԽՍՀՄ-ն Շվեդական դեսպանության միջոցով դիմել է բանակցություններ սկսելու համար : Սա միանգամայն տրամաբանական էր, քանի որ նման դիմադրության պայմաններում երկիրը գրավելու և խորհրդային կարգեր հաստատելու մասին խոսք լինել չէր կարող:

 

Կարմիր բանակի կորուստները կազմեցին 125-131 հազար զինծառայող, իսկ ֆիննական բանակը կորցրեց 25-30 հազար զինծառայող:
Պատերազմի կարևորագույն արդյունքը եղավ սահմանը Լենինգրադից 150կմ-ով հեռացնելը: Բացի այդ՝ ԽՍՀՄ-ին անցան Ֆիննական ծոցի որոշ կղզիներ, և ԽՍՀՄ-ն նաև Խանկո թերակղզին 30 տարով վարձակալելու իրավունք ստացավ: Ֆիննական բանակի հերոսությունը այնքան ակնհայտ էր, որ երբ Ֆինլանդիան' որպես պարտված Գերմանիայի դաշնակից, կարող էր օկուպացվել, ապա արևմտյան երկրները դա թույլ չտվեցին:

 


1940թ. ապրիլի 14-17-ը խորհրդային բարձրագույն քաղաքական ու ռազմական ղեկավարությունը խորհրդակցություն հրավիրեց և փորձեց անկեղծորեն գտնել այս տապալման պատճառը: Որոշ հրամանատարներ, այդ թվում նաև՝ ապագա ռազմաճակատի հրամանատար գեներալ Դ. Պավլովը, անկեղծորեն նշեցին, որ սա Ստալինյան բռնաճնշումներով հրամկազմին կոտորելու հետևանքներն են: Մյուսները այնքան էլ անկեղծ չեղան և շատ արագ աչք փակեցին թերությունների վրա:

 


Պատերազմը վեր հանեց խորհրդային ռազմական տեսության կտրվածությունը պրակտիկայից' հատկապես ԶՈՒ-երի պատերազմին նախապատրաստելու խնդրում: Կարմիր բանակի մարտական պատրաստության համակարգը հետ էր մնում ժամանակի պահանջներից: Հատկապես ցածր էր կրտսեր հրամանատարների պատրաստվածության մակարդակը: Եվ չնայած դրա ակնհայտությանը' Ստալինը իր խոսքում կրկին խաբեց ինքն իրեն ու հրամկազմին' հայտարարելով, որ իրենք հաղթել են ու հաղթել ոչ միայն փոքր ֆիններին, այլև ամբողջ արևմտյան ռազմական համակարգին:

 


Չնայած դրան' Ստալինը 1940թ. մայիսին պաշտպանության ժողկոմի պաշտոնից հեռացրեց խորհրդային ամենաանհեռատես զորավարներից մեկին' Կլիմենտ Վորոշիլովին, ում գաղափարները համապատասխան ժամանակի պահանջներից դուրս էին: Նա փաստացի տապալել էր խորհրդային բանակի վերազինման ու վերաստեղծման ամենածավալուն նախագիծը, որը ժամանակին իրականացնում էր մարշալ Մ. Տուխաչևսկին: Ժողկոմ նշանակվեց Հյուսիսարևմտյան ռազմաճակատի հրամանատարի պաշտոնում իրեն լավ կողմերով դրսևորած Տիմոշենկոն, իսկ շտաբի պետ' նույն կերպ աչքի ընկած գեներալ Կ. Մերեցկովը: Ստալինը բանակի թիմը փոխեց, որպեսզի սպառազինման նոր փուլը գոնե չտապալեն:

 

Իսկ ավելի խորքային փոփոխությունների համար նույն թվականի օգոստոսին Կարմիր բանակում վերջապես հաստատվեց հրամանատարական ղեկավարություն, իսկ ամենակարող կոմիսարները դարձան տեղակալներ: Կարմիր բանակը փաստացի գնաց նոր բարեփոխումների ու վերազինման:

Շարունակելի....