Հոգեպես ուժեղ մարդիկ ունակ են մտածելու «3D» ֆորմատով՝ կառավարելով մտքերը, հաղթահարելով զգացմունքներն ու ամեն իրավիճակում արդյունավետ գործելով։ Ում հաջողվում է ձեռք բերել այս եռակողմ համակարգը, նա գտնվում է մտավոր ուժեղ վիճակում։
Հաջողությանը խանգարող ամենամեծ ուժը մեր գլխում է, և այն կառավարում է մեր մտածողությունը։ Մարդիկ հակված են կրկնելու սխալները, բայց մտածելակերպի որոշ սխալներ մեզ համար խոչընդոտ են դառնում՝ դարձնելով հոգեպես թույլ ու անկայուն։
Ահա 10 ամենատարածված սխալները՝ ըստ Դեյվիդ Բրենսի «Լավ տրամադրություն. տրամադրության նոր թերապիան» գրքի։
Կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ
Իրականությունը հաճախ մեր աչքին սև ու սպիտակ է թվում. գործընկերներին բաժանում ենք «լավ»-ի և «վատ»-ի։ Մեր նախագծերը համարում ենք կա՛մ հաջողության հավակնող, կա՛մ ձախողման դատապարտված։ Իրականում պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել։
Համակողմանիություն ու չափազանցություն
Շատ հեշտ է մեզ հետ կատարված մի իրադարձություն տարածել մեր կյանքի մյուս իրադրձությունների վրա էլ։ Սա մտածողության լուրջ խնդիր է։ Եթե մեզ չի հաջողվում որևէ խնդիր լուծել, մենք միանգամից մտածում ենք, թե մենք վատ ենք խնդիրներ լուծելուց, կամ եթե ընտանիքի անդամներից որևէ մեկը մեզ հետ վատ է վարվում, մենք ասում ենք՝ զզվում եմ բոլորից այս ընտանիքում։ Չպետք է ամեն ինչ չափազանցնել ու այլ բաների հետ կապել։
Նկատե՛ք ոչ միայն բացասականը, այլև դրականը
Նույնիսկ եթե մեզ հետ պատահած դեպքերից ինը լավը լինեն, իսկ մեկը՝ վատ, մենք, միևնույն է, ավելի շատ նկատում ենք վատը ու կենտրոնանում դրա վրա։ Դա գալիս է մարդու բնույթից։ Մենք ասում ենք, թե վատ օր ենք ունեցել, նույնիսկ, երբ այդ օրը վատի հետ լավ բաներ էլ են տեղի ունեցել։
Մտքեր կարդալը
Մենք չենք կարող կարդալ միմյանց մտքերը, այնուամենայնիվ, դա մեզ հետ չի պահում մշտապես ուրիշներիի մտքերը հասկանալու փորձերից, օրինակ՝ «այդ պահին նա հաստատ մտածեց, որ ես հիմար եմ»։ Բանն այն է, որ հնարավոր է՝ մեր այդ մտքերը ոչ մի ընդհանուր բան չունենան իրականության հետ։ Եթե նույնիսկ ունեն, ամեն դեպքում անօգուտ է մտածել այնպիսի բաների մասին, որոնք հիմնված չեն իրական փաստերի վրա։ Պետք է հասկանանք, որ այլ մարդկանց մտքերը վերլուծելիս կարող ենք և սխալվել, քանի դեռ համապատասխան գործիքներ չունենք՝ պարզելու, թե նրանք ինչ են մտածում։ Կարճ ասած՝ մի՛ մտածեք այդ մասին։
Չնչին բանից կատաստրոֆա ստեղծելը
Երբեմն մենք իրերն ընկալում ենք շատ ավելի վատ, քան նրանք իրականում են։ Եթե մի ամիս ֆինանսական խնդիրներ ենք ունեցել ու չենք կարողացել իրականացնել մեր առջև դրված խնդիրները, մենք միանգամից հուսահատվում ենք ու հիասթափվում։
Հուզական պատրվակներ
Մեր հույզերը հիմնված չեն իրականության վրա, բայց երբեմն մենք այդ կարծիքին չենք։ Այսպես՝ հնարավոր է ՝ նյարդայնացած լինեք աշխատանքը փոխելիս, ու մտածեք, որ եթե Ձեր մեջ վախ կա, ապա միգուցե չարժի փոխել։ Պետք է հասկանալ, որ հույզերն էլ մտքերի նման են. դրանք հիմնված չեն իրականության փաստերի վրա ու կարող են փոխվել։
Բոլորին ու ամեն ինչին դեմ դուրս գալը
Եթե մի անգամ մեր հարևանը որևէ սխալ է թույլ տվել, մենք նրան հիմար ենք անվանում ու միշտ այդպիսին տեսնում։ Իսկ սա սահմանափակում է մեր միտքն ու չի թողնում առաջ նայել։
Ապագայի կանխատեսումները
Սա թողե՛ք այն մարդկանց, ովքեր ցանկանում են նայել Ձեր սուրճի բաժակը։ Երբեմն մենք ապագայի մասին համարձակ ենթադրություններ ենք անում, օրինակ՝ ասում ենք՝ եթե դիետա էլ պահեմ, մեկ է, հետո նորից քաշ եմ հավաքելու։ Դադարե՛ք ինքներդ ձեզ ենթադրություններ անելուց, կենտրոնացե՛ք ներկայի վրա ու արե՛ք առավելագույնը, որ հասնեք ցանկալի արդյունքի ապագայում։
Ամեն բան սեփական անձին վերագրելը
Չնայած աշխարհը մեր շուրջը չի պտտվում, մենք հակված ենք մտածելու, թե դա այդպես է։ Եթե մեր ընկերը մեզ այսօր չի զանգում, մտածում ենք, թե նեղացել է մեզնից։ Եթե մեր գործընկերը տրամադրություն չունի, մենք դա նույնպես վերագրում ենք մեր հանդեպ ունեցած նրա վերաբերմունքին։ Պարզապես պետք է հասկանալ, որ ամեն ինչ չէ, որ մեզ հետ է կապված։
Անտեղի համեմատություններ
Մեզ այլ մարդկանց հետ անընդհատ համեմատելը երբեք չի կարող օգնել ու անարդար է։
Ոչ մեկս չենք կարող ասել՝ ինչն է մյուսների հաջողության գաղտնիքը. միգուցե պարզապես հաջողակ է, լավ կապեր կամ գումար ունի, բացառիկ հնարավորություն է ունեցել և այլն։ Ինչ էլ որ լինի, մենք երբեք չենք կարող ամբողջական պատկերացում կազմել մյուսի անցած ճանապարհի մասին, ու մեզ նրանց հետ համեմատելն անօգուտ է, անտեղի ու սպանում է մոտիվացիան։ Կենտրոնացե՛ք Ձեր անձնական հաջողության վրա, այլ ոչ մյուսների։