Լեհաստանի Վրոցլավ քաղաքի կենտրոնում գտնվող «Հայկական» հրապարակում, խաչքար- պուրակի մոտ Հայր Ռաֆայել Վ.Կրավչիկի և Հայաստանից հատուկ հրավիրված կաթողիկե եկեղեցու քահանայի գլխավորությամբ հոգեհանգստի կարգ է կատարվել ՝ ի հիշատակ հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Ինչից հետո տեղի է ունեցել մոմավառություն, ծաղկեպսակների զետեղման արարողություն: Ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, հոգևորականներ, պաշտոնական հյուրեր, տարբեր քաղաքների հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքի բազմաթիվ բնակիչներ:
Միջոցառմանը հնչեց հայկական դասական, եկեղեցական երաժշտություն,իրենց քնարական ելույթով հանդես եկավ «Հեղինե» լարային քառյակը, ելույթ ունեցան Գեւորգ եւ Արամ Սայեղ եղբայրները, ինչպես նաև Պրոֆեսոր Սայեղի հրավերով Հայաստանից հանդես եկավ մենակատար Արամ Ճապաղջուրյանը:
Լեհաստանում ՀՀ դեսպանատունը եթե ոչ ամենաակտիվը, ապա բավականին ակտիվորեն լծված է հայապահպանության գործին: Միջոցառմանը ներկա ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի խոսքերով հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել Լեհաստանի մի շարք քաղաքներում: Ապրիլի 21-ին Կիելցի քաղաքում բացվել է հայոց ցեղասպանությանը և Հայաստանի մշակույթին նվիրված ցուցադրություն: Սուրբ նահատակներին նվիրված արարողություններ են տեղի ունեցել մայրաքաղաք Վարշավայում և այլ քաղաքներում: Ակտիվ են նաև լեհական զլմները:
Թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ մամուլով ցուցադրվել են հայոց ցեղասպանությունը ներկայացնող պատմություններ և հաղորդումներ: Ապրիլի 25-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռմամբ Վարշավայում կլինի «Խոստում» ֆիլմի պրեմիերան, այնուհետև պայմանավորվածության համաձայն Լեհաստանի ողջ տարածքով, բոլոր քաղաքների կինոթատրոններում կցուցադրվի ֆիլմը: «Դա հնարավորություն է տալիս հարյուր հազարավոր, ինչու չէ նաև միլիոնավոր մարդկանց ծանոթանալու մեր պատմությանը,- ասաց Էդգար Ղազարյանը,- «Դա ֆիլմ է, որը ոչ միայն գեղարվեստական արժեք ունի, այլև տեղեկատվական մեծ աղբյուր է իրենից ներկայացնում»:
Լեհահայերը Լեհաստանի հանդեպ ունեցած անմնացորդ սիրով և նվիրումով վաստակել են տարբեր քաղաքներում «Հայկական» անվանմամբ փողոցներ և հրապարակներ ունենալու իրավունքը, սակայն Լեհաստանի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Վրոցլավի կենտրոնում ունենալ «Հայկական » հրապարակ, պատմական իրադարձություն է հայ-լեհ բարեկամական, դիվանագիտական հարաբերություններում:
Վրոցլավում գործող Լեհաստանի Հայերի ընկերության փոխնախագահ Արարատ Քոչարյանի խոսքերով շատ բարդ է եղել ճանապարհը, որով անցել են և հասել բաղձալի արդյունքին: Տուրիստները շատ են շրջում այս տեղանքով և հմայվում խաչքար-պուրակի գեղեցկությամբ,սակայն որևէ տեղ չկա հիշատակում, թե ինչ հավերժացում է այն:
«Առաջիկայում նախատեսում ենք գրանիտե քարի վրա փորագրել մի քանի լեզուներով մեկնաբանություն խաչքարի, նրա պատմության մասին»,- ասաց Արարատ Քոչարյանը և հավելեց,- « Հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման ճանապարհին պատրաստվում ենք մի մեծ քայլ կատարել՝ ունենալ համայնքի նստավայր Վրոցլավում, որը կդառնա ոչ միայն հայերի հավաքատեղի, այլև հայկական մշակութային հզոր կենտրոն»:
Անահիտ Մնացականյան