Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը խոստանում է ընտրություններում հաջողության հասնելու դեպքում առնվազն երկու վարչական շրջանների ղեկավարի պաշտոնում նշանակել քաղաքացիների առաջարկած թեկնածուներին: «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերով հայտնեց Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Սիրելի երևանցիներ, դուք գիտեք, որ Երևանի քաղաքապետը քաղաքը կառավարում է վարչական շրջանների ղեկավարների օգնությամբ, իսկ նրանց նշանակում է քաղաքապետը: Մեր թիմում կան Երևանի տարբեր վարչական շրջանների ղեկավարների թեկնածուներ, սակայն ես ցանկանում եմ, որ դուք էլ մասնակից լինեք այս գործընթացին: Այժմ ես գտնվում եմ Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի թաղապետարանի մոտ և առաջարկում եմ այս ուղիղ եթերի մեկնաբանու թյուններում գրեք Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում ձեր թեկնածուներին»,-  նշեց Փաշինյանը:

 

Նա հավելեց, որ առաջիկայում նման ուղիղ եթերներ ունենալու է Երևանի բոլոր վարչական շրջաններում և օգտատերերը մեկնաբանություններում կկարողանան բոլոր վարչական շրջաններում առաջարկել ղեկավարի իրենց թեկնածուներին: «Ես կարող եմ խոստանալ, որ այս գործընթացի ընթացքում առաջադրված լավագույն թեկնածուները, ովքեր կհամապատասխանեն որոշակի պրոֆեսիոնալ չափանիշների ընտրություններում մեր հաջողության դեպքում Երևանի քաղաքապետարանի համակարգում անպայման աշխատանք կստանան և հնարավորություն կունենան մասնակցելու մայրաքաղաքի զարգացմանը»,- ընդգծեց Երևանի քաղաքապետի թեկնածուն:

 

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: