Եթե երևանցիներին մոտենաս և հարցնես որտեղ է Տորք Անգեղի, Վահագն Վիշապաքաղի արձանը, ապա ավելի քան համոզված եմ, որ գերակշռող մասը չի կարողանա ճիշտ պատասխանել:
Հին հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի աստված Վահագնի հուշարձանը 1969թ. տեղադրվել էր Լենինի (այժմ՝ Մաշտոցի) պողոտայում, 1970-ականներին կեսերին, որոշ ժամանակ այն գտնվել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, իսկ 1980-ականներին՝ Էջմիածնի խճուղու մոտ՝ անշուք, գրեթե չերևացող, «աքսորված», անտեսված, լքված…
Գրեթե «ծածուկ», աչքից հեռու, մի անիմաստ, անտրամաբանական և ահասկանալի որոշմամբ 1982թ. Նոր Նորքի 2-րդ զանգվածում է տեղադրվել Հայկ Նահապետի ծոռ՝ դյուցազն Տորք Անգեղի արձանը: 
Հայկ Նահապետի արձանն էլ մի արտակարգ վիճակում չէ…
Տեղը գուցե ավելի լավը լիներ, հենց Գայի(Հայկ Բժշկյանցի) արձանի նման գերիշխող տեղ և հենց արձանի դիմաց ծառեր չտնկվեր, չփակվեր լրիվ տեսադաշտը…Հայկ Նահապետի արձանն էլ խնամքի և ուշադրության կարիք ունի և խորհրդային տարիների այդ սխալն էլ է պետք վերանայել:

1990-ականներին բարբարոսաբար, ինչպես Լենինի արձանի հոյակերտ պատվանդանը, քանդվեց նաև կոփածո պղնձից պատրաստված Բանվորի արձանը: Մինչդեռ այն գտնվում էր բանվորական, աշխատանքային ավանդույթներով հարուստ Շենգավիթի վարչական տարածքում և բացարձակ ոչ մեկի չէր խանգարում:
Մի խոսքով շատ վատ է, որ ոչ մեկի կարծես չի հուզում այս և հարանման բազմաթիվ այլ ճարտարապետական, քաղաքաշինական, հուշարձանների պահպանության խնդիրները…
Իմ կարծիքով, Տորք Անգեղի արձանը կդիտվեր Հրազդանի կիրճին հարող որևէ գեղեցիկ ժայռաբեկորներից մեկի վրա, իսկ պատերազմի, քաջության և հաղթանակի աստված Վահագնի արձանը եռաբլուրի ճանապարհի մուտքի որևէ բլրակի վրա…Մի խոսքով խելացի, մտածված, համալիր լուծումներ են պետք: Հուշարձանը պետք է գտնվի մարդաշատ, գերիշխող, դիտարժան, սիմվոլիկ, իր կերպարին և նշանակությանը բնորոշ վայրում:
Նույն բախտին և կարգավիճակին արժանացած էլի շատ արձաններ, արձանախմբեր, կոթողներ ունենք, որոնք սպասում են իրենց լուծմանը: 
Որևէ հյուրանոցի, ռեստորանի, լցակայանի, տոնավաճառի, սուպերմարկետի տեղ՝ մի հոյակապ տեղում, անպայման կգտնվեր…Եվ շատ արագ կկառուցվեր՝ գերակա հանրային շահով հանդերձ…


Ռոբերտ Մելքոնյան