Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն, անկասկած, օրակարգային է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ թուրքական պետության կողմից իրականացված հայության բնաջնջման, հայրենազրկման և ունեզրկման հրեշավոր ծրագրի հետևանքների բոլոր դրսևորումներն ամենաողբերգական կերպով արտացոլված են մեր այսօրվա գոյության բազում խնդիրներում: Մեզ համար Ցեղասպանության փաստի ճանաչումը հատկապես Թուրքիայի կողմից նվազագույնը կնշանակի արդարության բարոյական հաղթանակ և կատարվածի կրկնության նախադրյալների վերացում, այսինքն՝ անվտանգության լրացուցիչ կարևոր երաշխիքների հաստատում: Միևնույն ժամանակ այն տպավորությունն ունեմ, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում Ցեղասպանության հարցի զուտ քաղաքական բաղադրյալը անհրաժեշտ խորությամբ գնահատված չէ:

 

Խնդիրն այն չէ միայն, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մեր օգնությամբ վեր է ածվել ինչ-ինչ պայմաններում օտարների կողմից Թուրքիայի վրա ճնշում գործադրելու և անգամ շանտաժի ենթարկելու գործիքի, այլ այն, որ այդ գործիքի կոնկրետ կիրառումը հիմնականում դուրս է մնում մեր պետական քաղաքականության վերահսկողության և ուղղորդման տիրույթից: Այսինքն՝ եթե կցանկանա Մոսկվան, Փարիզը, Թեհրանը կամ որևէ այլ ազդեցիկ կենտրոն Ցեղասպանության հարցն արծարծելու միջոցով ինչ-ինչ ճնշումներ բանեցնել Անկարայի նկատմամբ, ապա կարող է դա անել, անկախ այն բանից, թե ինչ են թելադրում այդ պահին Երևանի շահերը: Ինձ թվում է, որ մենք գործընթացի սանձերը ձեռքից բաց ենք թողել և կարող է գալ նաև այն պահը, երբ ոչ թե Թուրքիան, այլ ինքներս կդառնանք ուրիշների կողմից նախաձեռնված գործողությունների պատանդը կամ թիրախը: Ասածս այն է, որ ոչ մի առանձին հարցի լուծում չի կարելի դրոշ դարձնել՝ միայն երկարաժամկետ ռազմավարության խնդիրներ լուծող համակողմանիորեն մշակված և հետևողականորեն իրականացվող քաղաքականությունն է, որ կարող է մեր կենսական պահանջների բավարարումն ապահովել և որը ներկայումս Հայաստանը չունի մի շարք օբյեկտիվ ու սուբյեկըիվ պատճառներով:

 

Արման Մելիքյան