Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 22-ին, մայրաքաղաքում հայտարարվել է համաքաղաքային շաբաթօրյակ, որի շրջանակներում ծառատնկման, կանաչապատման և սանիտարական մաքրության աշխատանքներ են իրականացվում:
Շաբաթօրյակի ընթացքում ջրցան մեքենաներով լվացվել են ոչ միայն մայրաքաղաքի հրապարակներն ու զբոսայգիների սալիկապատած հատվածները, այլև քաղաքում տեղադրված հուշարձաններն ու կոթողները:
Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանն ասել է, որ շաբաթօրյակին մասնակցում են ուսումնական հաստատությունների, հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների անդամներ, զինվորականներ և այլք:
«Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ընդունած որոշմամբ՝ աշխատանքների պատշաճ նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծվել է հանձնաժողով:
Քաղաքապետարանի կողմից շարունակվելու են աշխատանքները, որպեսզի մինչև մայիսի 9-ը Ստեփանակերտը նոր տեսք ու թարմություն ստանա:
Ապրիլի 28-29-ին նախատեսում ենք նաև սիզամարգերի փխրեցման, ծաղկասածիլների տեղադրման աշխատանքներ»,-տեղեկացրել է Ա. Հակոբյանը: