1920 թ. ապրիլի 11-ին Երևանի փողոցներում թռուցիկներ փակցվեցին, իսկ թերթերում տպագրվեց տեղեկություն այն մասին, որ Ամենայն Հայոց վեհափառ հայրապետի բարձր հովանով Զատիկ' կիրակի օրը քաղաքի և Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում կատարելու են հանդիսավոր հոգեհանգիստներ «1915 թվի մայիս ամսին Պոլսում և գավառներում նահատակված բոլոր հայ հոգևորականների և մտավորականների համար»:
Հոգեհանգիստը կայացավ ապրիլի 13-ին:

 

Այդ օրը Էջմիածնի Մայր տաճարում մատուցվեց պատրագ: Արարողության ավարտից հետո արդեն դրսում' տաճարի մուտքի առջև էլ տեղի ունեցավ առաջին սգահանդեսը, որին մասնակցում էին մեծ թվով քաղաքացիներ, գիմնազիայի աշակերտներն ու հոգևոր դասը: Սգահանդեսը բացեց գրող, գիմնազիայի տեսուչ Վրթանես Փափազյանը: Նրա սրտառուչ, ազդեցիկ խոսքին հաջորդեցին ևս մի քանի ելույթներ: Հավաքվածներին տեղեկացվեց, որ Փափազյանն առաջարկությամբ դիմել է Հայաստանի խորհրդարանին' ապրիլի 24-ը համազգային սգո օր հայտարարելու համար:


Ցավոք, 1920 թ. ապրիլի 13-ից հետո Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչումը Հայաստանում արտոնվեց միայն... 45 տարի անց: Իսկ Վրթանես Փափազյանն իր նշանավոր ելույթից 13 օր հետո վախճանվեց...

 

Հովիկ Չարխչյան