Ադրբեջանը լրջորեն ինչ-որ բանի պատրաստվո՞ւմ է, թե՞ այնուամենայնիվ հերթական իմիտացիոն-քարոզչական, անիմաստ թանկ ակցիան է: Ամեն դեպքում, իրար հետևից երկու «թանկանոց» զորավարժություն անելը, Զաքիր Հասանովի՝ հրամկազմին ուղղված հրահանգը հարցեր են առաջացնում:
Նախ և առաջ, իրար հաջորդող զորավարժությունները երկու բան կարող են նշանակել: Առաջինը, որ ադրբեջանական բանակի խնդիրները գեներալիտետին հեռացնելով չլուծվեց, իսկ որպեսզի խնդիրներն ու բացերը ջրի երես դուրս չգան պետք է կոսմետիկ մոտեցում: Արժե նշել, որ կոսմետիկ լուծումների վարպետ Ադրբեջանական վերնախավը բանակի խնդիրները ոչ թե լուծում է, այլ քողարկում, թե իր հասարակությունից, և թե աշխարհից (Մեր մեջ ասած՝ ճիշտ է անում): Ջայլամային այս քաղաքականության արգասիքը զորավարժությունների անցկացումն է: Այլ կերպ ասած՝ մեսիջը հետևյալն է՝ ադրբեջանական բանակը շարունակում է հզորանալ, որի ապացույցը 30 հազարանոց և թուրք եղբայրների հետ համատեղ զորավարժություններն են: Թուրքերի հետ զորավարժություններն էլ իրենց հերթին ունեն իրենց բացերը: Երկրորդը՝ որպեսզի այդ բանակի հզորության ու ցանկացած մարտական խնդիր կատարելու վերաբերյալ միֆը ավելի համոզիչ ու ամրապնդելի լինի ադրբեջանական հանրության համար կինոռեժիսոր-նախարար Զաքիր Հասանով հանդես է գալիս ամեն րոպե մարտի պատրաստ լինելու հրահանգ-հայտարարությամբ:
Իհարկե՝ այս ամենը թերագնահատել չի կարելի: Ամեն գործողություն և քայլ դիտարկվում, վերլուծվում և ուշադրության կենտրոնում է պահվում հայկական երկու պետությունների զինված ուժերի կողմից, անհրաժեշտ ու համապատասխան քայլեր կիրառելու պատրաստակամությամբ:
Թուրքական զինուժի հետ համատեղ զորավարժություններն էլ մի քանի շերտով ռիսկեր ունեն իրենց մեջ: Նախ Թուրքիայից զինվորական կոնտինգենտ է տեղափոխվել Ադրբեջան, ոչ մեկին հայտնի չէ, թե իրականում ինչ քանակի անձնակազմ է ժամանել, իրական թիվ չի նշվում, ու այդ անձնակազմի քանի տոկոսն է մնալու և քանիսը վերադառնալու, նույնպես անհայտ է:
Մյուս կողմից՝ թուրքերը ադրբեջանական զինդպրոցի մեթոդիստներն են, ու ժամանակ առ ժամանակ փորձի փոխանակում են անում, և ինչ որ առումով թուրքական համատեղ զորավարժությունը նաև նշանակում է ադրբեջանական բանակի կեղտոտ երեսի փայլեցում իր իսկ հանրության առաջ:
Թե ինչքանով այս ամենը կապ ունի Արցախի հիմնահարցի դիվանագիտական օրացույցի կամ հաղթանակների Արցախյան հերոսամարտի հաղթական 25 ամյակի հետ, կերևա առաջիկայում, իսկ մինչ այդ նշենք, որ Ադրբեջանի բանակում այնքան էլ հարթ չի ամեն ինչ, ինչպես որ ներկայացվում է:
Վահագն Սարոյան