«Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում»։
«Թալիբան» շարժման գրոհայիններն Աֆղանստանի հյուսիսում, Մազարի-Շարիֆ քաղաքի ռազմաբազայում սպանել են առնվազն 140 աֆղանցի զինվորականի, կան տասնյակ վիրավորներ, հաղորդում է BBC-ն:
Աֆղանստանի իշխանությունների տեղեկություններով, ռազմաբազայի վրա կատարված հարձակման ժամանակ գրոհայինները եղել են կառավարական բանակի համազգեստներով:
Մարդկային կորուստների առումով սա Աֆղանստանի ռազմաբազաների վրա կատարված ամենադաժան հարձակումն էր:
Մազարի-Շարիֆի իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:
Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զինծառայողները դուրս են եկել բազայի տարածքում գտնվող մզկիթից: Գրոհայինները գնդակահարել են նաեւ ճաշարանում գտնվող զինվորականներին:
Թալիբներն իրենց հերթին հայտարարել են, որ օգտագործել են նաեւ մահապարտների:
Փոխհրաձգություն է եղել ամբողջ օրվա ընթացքում, եւ ականատեսների պնդմամբ, զոհերի թիվը կարող է ավելանալ: Թալիբների կորուստներն անհամեմատ քիչ են՝ շուրջ 10 գրոհային: