ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թեկնածությունը չհաստատվեց Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից։

 

Համացանցում հայտնվել է մի տեսահոլովակ, որտեղ պարզ երևում է, որ Թեհրանի այն հատվածը, որտեղ բնակվում է Ահմադինեժադը, այս գիշեր լցված է եղել ոստիկանական մեքենաներով։

 

Որոշակի վախ և լարվածություն է նկատվում նաև նախկին նախագահի կեսգիշերին կատարած թվիթերյան գրառումներում։ Նա նախ ժողովրդին հանգստության կոչ է արել՝ ասելով, որ լարվածությունն ու իրավիճակի թեժացումը միայն Իրանի թշնամիների օգտին կլինի։

 

Այնուհետև, մեկ այլ գրառման մեջ Ահմադինեժադն ասել է․ «Ես ձեզպեսների շարքից չեմ, որ ըմբոստություն բարձրացնեմ և Նորին մեծության (հոգևոր առաջնորդի) սիրտը կոտրեմ։ Ո՜վ Աստված, այնպես արա գործի վերջը, որ ինքդ լինես գոհ, իսկ մենք՝ փրկված»։

 

Հետաքրքիր է, որ վերջին մտքի համար նախկին նախագահը ընտրել է երկիմաստ բառ' rast[e]gār, որը նշանակում է և՛ «փրկված, ազատված» և՛ «հաղթող, հաղթական», հետևաբար կարելի է հասկանալ նրա գրածը նաև այսպես․ «Ո՜վ Աստված, այնպես արա, որ ինքդ լինես գոհ, իսկ մենք՝ հաղթական»։