Տարածաշրջանային և միջազգային մի շարք լրատվամիջոցներ «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիին արդեն մի քանի անգամ «սպանելուց», «ծանր վիրավորելուց» հետո հիմա էլ հաղորդում են նրա ձերբակալության մասին: Այսպես՝ որպես սկզբնաղբյուր նշելով, ոչ ավել, ոչ պակաս, Անվտանգության և տեղեկատվության եվրոպական դեպարտամենտի(DESI) հետախուզական տվյալները, նշվում է, որ Մոսուլում կրած անհաջողություններից հետո՝ Սիրիա փախչելիս, սիրիա-իրաքյան սահմանին Ալ-Բաղդադին ձերբակալվել է սիրիական և ռուսական ուժերի կողմից. վերջին հանգամանքն արդեն իսկ խիստ կասկածելի է, քանի որ և՛ սիրիական, և՛ առավել ևս ռուսական ուժային կառույցների գործունեությունը խիստ սահմանափակ է Սիրիայի նշված հատվածում:

 

Մյուս կողմից, նույն միջազգային լրատվամիջոցներն, այս անգամ արդեն հղում կատարելով Իրաքի փոխնախագահ Այադ Ալաուիին, նշում են, որ նույն ԻՊ-ի և Ալ-Կաիդայի առաջնորդների ցուցումով նրանց ներկայացուցիչները գաղտնի բանակցում են՝ «ռազմական դաշինք» ձևավորելու ուղղությամբ՝ առկա մարտահրավերներին միասնաբար դիմագրելու նպատակով՝անգամ հաշվի առնելով կառույցների միջև առկա հակամարտային հարաբերությունները:

 

Վերոնշյալ 2 դեպքերն էլ հստակ օրինակ են ժամանակակից տեղեկատվական պայքարի անհաջող դրսևորումների, երբ իրավիճակային խնդիրներ լուծելու համար տեղեկատվական դաշտ են նետվում տարաբնույթ հոսքեր, որոնց ճշմարտացիությունն ուղղակիորեն բացառում են առկա իրողությունները կամ մինչ այդ տարածված հակասական տեղեկատվությունը:

 

Արմեն Պետրոսյան