Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըկը հայտարարել է, որ մայիսից Թուրքիան սկսելու է Altay տանկի զանգվածային արտադրությունը։
Նա նաև նշել է, որ շուտով զորքերին է տրամադրվելու Atak հարվածային ուղղաթիռները։ Նախարարը հավելել է, որ Թուրքիան սկսել է արտադրել սեփական անօդաչուները, նավերն ու արբանյակները։
Թուրքիայի ռազմա–արդյունաբերական համալիրը սկսել է սեփական զինված ուժերը հայրենական արտադրության զենքերով զինելու և այդ առումով ինքնաբավ դառնալու գործընթացը։ Հաշվի առնելով Ադրբեջանի հետ Անկարայի ռազմավարական սերտ համագործակցությունը, այդ թվում ռազմա–տեխնիկական համագործակցության առումով'սպայական կազմի պատրաստում, հատուկ ջոկատայինների պատրաստում ու թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժություններ, Անկարան կարող է սեփական արտադրության տանկերն ու ուղղաթիռները արտոնյալ պայմաններով վաճառել Ադրբեջանին'ռուսական կողմին «դուրս մղելով» Ադրբեջանի զինված ուժերից։
Ադրբեջանը տանկերն ու զրահատեխնիկան հիմնականում այս տարիների ընթացքում զանգվածաբար գնել է ՌԴ–ից, ինչպես նաև հետխորհրդային մի շարք երկրներում'Ուկրաինա, Բելառուս, իսրայելցի և այլ մասնագետների կողմից վերազինելով դրանք։ Չմոռանանք, որ Ադրբեջանը նորագույն զինատեսակներ է գնում նաև Իսրայելից'անօդաչուներ, հրթիռային, ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև ձգտում գտնել զենքերի գնման նոր շուկաներ'հեռանկարային է այդ առումով Պակիստանը, որի հետ Բաքուն արդեն իսկ նախապատրաստում է մի շարք պայմանագրեր 'զինատեսակների գնման առումով'հատկապես հեռահար հրթիռներ, հնարավոր է նաև կործանիչներ։
Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեն սուլթանական լիազորություններով է օժտել Էրդողանին, ով այժմ'բանակի նկատմամբ ձեռք բերելով լիարժեք իշխանություն ու վերահսկողություն ու հաշվի առնելով Ալիևի հետ սերտ կապերը, կարող է փորձել թուրքական զինատեսակները վաճառելով «կրտսեր եղբայր» Ադրբեջանին'ՌԴ–ին, Իսրայելին աստիճանաբար դուրս մղել «ադրբեջանական զենքերի» շուկայից։
Անցումը խորհրդային զինատեսակներից'տանկեր, զրահատեխնիկա և այլն դեպի թուրքականը ժամանակ է պահանջում, սակայն հաշվի առնելով թուրք–ադրբեջանական տասնամյակներ տևող ռազմա–տեխնիկական բաց և գաղտնի համագործակցության աստիճանն' այդ աստիճանական անցումը կարող է զբաղեցնել մի քանի տարի, ինչը զինված ուժերի համար ընդունելի ժամանակացույց է։ Նկատենք, որ ԶԼՄ–ներում արդեն իսկ տեղեկություններ են հայտնվել, որ Բաքուն գնել է թուրքական հարվածային Atak ուղղաթիռներ'ի հավելումն ռուսական արտադրության «MИ» տարբեր մոդիֆիկացիաների ուղղաթիռների, որոնք առկա են Արդրբեջանի զինված ուժերի զինանոցում։
Բացի այդ, Ադրբեջանը գնել է նաև թուրքական T-122 Sakarya ռեակտիվ համակարգեր, ինչը խոսում է այն մասին, որ Բաքուն չի ցանկանում հրետային, հրթիռային և այլ զինատեսակներում կախվածություն ունենալ մի կենտրոնից'լինի դա ՌԴ–ը կամ Իսրայելը։
Վառ օրինակ է նաև սեփական արտադրության հարվածային և հետախուզական անօդաչուների գործարանի հիմնումն ու անօդաչուների զանգվածային արտադրությունն Ադրբեջանում'տարիներ շարունակ Բաքուն միլիոնավոր դոլարների անօդաչուներ է գնել Իսրայելից'այժմ նրանք փորձում են նմանատիպ անօդաչուներ արտադրել Ադրբեջանում'նվազեցնելով ռազմա–տեխնիկական կախվածությունն Իսրայելից։
Չմոռանանք, որ Թուրքիան սկսել է սեփական արտադրության, նոր սերնդի Anca անօդաչուների արտադրությունը'դրանք նույնպես ժամանակի ընթացքում տրամադրվելու են Ադրբեջանին։
Արտյոմ Բալասանով